Բջջային հեռախոսը բացասաբար է ազդում կրտսեր դասարանների աշակերտների առաջադիմության վրա․․

Մինչեւ ինը տարեկան այն երեխաները, որոնք արդեն ունեն սեփական շարժական հեռախոսը, դպրոցում ավելի վատ են սովորում այն աշակերտների համեմատությամբ, որոնք գաջեթը ձեռք են բերել ավելի ուշ տարիքում:

Սա է այն եզրակացությունը, որը բովանդակում է Իռլանդիայի Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի (ESRI) զեկույցը։ «Մեր նպատակն էր՝ որոշել շարժական հեռախոսի ազդեցությունը կրտսեր դասարանների աշակերտների առաջադիմության վրա»,- ասված է ESRI-ի զեկույցում:

«Սմարթֆոնները եւ մյուս գաջեթներն ակտիվորեն եւ համատարած մտել են մեր կյանք: Օրինաչափ է ենթադրել, որ այդ սարքերի ազդեցությունը հատկապես մեծ է այն տարիքում, երբ կարդալու, գրելու եւ հաշվելու հմտությունները դեռ նոր են ձեւավորվում»,-նշում են փաստաթղթի հեղինակները:

«Նմանօրինակ հետազոտություններ անցկացնելու փորձեր են ձեռնարկվել արդեն բազմաթիվ երկրներում, եւ, մասնավորապես, պարզվել է, որ շարժական հեռախոսի առկայությունը բացասաբար է ազդում երեխայի ուշադրության կենտրոնացման եւ նրա հիշողության վրա»,-նշում են ESRI-ի փորձագետները:

Ուսումնասիրությանը մասնակցել են ամենատարբեր դպրոցների եւ սոցիալական խմբերի 8,5 հազար երեխաներ: Գիտնականները այն դպրոցականների առաջադիմության ցուցանիշները, որոնք շարժական հեռախոսը ձեռք էին բերել մինչեւ ինը տարեկան դառնալը, համեմատել են նրանց հետ, ովքեր այդ պահին հեռախոս դեռ չունեին:

Պարզվել է, որ մաթեմատիկական թեստերի արդյունքներն առաջին խմբում 4-5 տոկոսով ավելի ցածր էին, քան երկրորդում: Հումանիտար առարկաների գծով նույն այդ օրինաչափությունն է դիտվել, հայտնել են զեկույցի հեղինակները, թեեւ այս դեպքում քանակական ցուցանիշներ չեն ներկայացվել:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ պակաս ունեւոր եւ կրթության ցածր մակարդակ ունեցող ընտանիքների երեխաները սեփական գաջեթներ ավելի վաղ տարիքում են ունենում:

«Շարժական հեռախոսները, որպես հաղորդակցության միջոց, անկասկած, հարմարություններ են ընձեռում, սակայն ակներեւ է նաեւ այն, որ երբ խոսքը վերաբերում է փոքրահասակ օգտատերերին, չպետք է թերագնահատել կողմնակի բացասական պահերը: Մեր եզրակացությունն է՝ որքան ավելի ուշ դպրոցականն սկսի օգտվել հեռախոսից, այնքան ավելի լավ»,- նշվում է զեկույցի եզրակացության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

(Visited 27 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх