«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին․․․

«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»:

Ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:

Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք ու բժշկարան:

Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը դիտավորյալ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը: Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է լուրջ ուսումնասիրությունների առարկա:

Այսօր այն արդեն կիրառվում է հոգեթերապիայում և բուժական նպատակներով, իսկ «Նարեկի» նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերածննդի խորհրդանիշն է:

Նարեկաբուժություն

«Նարեկաբուժություն» տերմինը, ըստ հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանի, հենց իր կողմից է առաջին անգամ շրջանառության մեջ մտել: Տարիներ շարունակ ուսումնասիրելով հոգեթերապիայի տարբեր մեթոդներ՝ մի օր բժիշկ-հոգեթերապևտը հասկանում է, որ դրանք իրեն չեն բավարարում, պետք է մի նոր մեթոդ:

Նոր մեթոդը գտնելու հարցում նրան օգնում է գենետիկ հիշողությունը. «Իմ երկու տատն էլ հեքիմ են եղել: Հիշում եմ՝ մեկը դեղաբույսերով էր բուժում, մյուսն աղոթք էր կարդում»,- պատմում է արդեն 18 տարի նարեկաբուժությամբ զբաղվող Արմեն Ներսիսյանը: Նա սկսում է «Նարեկ» կարդալ:

Բայց քանի որ խորհրդային ժամանակաշրջանում «Նարեկը» պոեմների էր վերածվել, իսկ իրականում դա արձակ ստեղծագործություն է, հոգեթերապևտը զգում էր, որ դրանք այն չեն, ինչն իրեն պետք է:

1993 թվականն էր: Մի օր արթնանում է և ասես նախախնամության ցուցումով քայլերն ուղղում դեպի Վերնիսաժ: Գնում կանգում է գրքերի մի կույտի առջև, նայում վերևից ներքև ու ամենաստորին մասում հայտնաբերում «Նարեկը»՝ առաջին աշխարհաբար թարգմանությամբ, չափածո վիճակում, հրատարակված 1902 թ.՝ Միսաք Գոչունյանի կողմից:

2Հոգեթերապևտը հենց առաջին էջին կարդում է գրքի բովանդակությունն ու տեսնում, որ այնտեղ կան ցուցումներ: Ուշագրավ է հետևյալ ցուցումը.

Զորավոր սպեղանի անբժշկելի վերքերի, անտեսանելի ցավերի վրա ազդող դեղ»: Նա տեսնում է, որ գրքում մանրամասն ներկայացված են մարդկային մտքի և հոգու բոլոր շեղումները՝ դեպրեսիա, անձի խանգարում, մաշկային հիվանդություններ և այլն և այլն: Նկարագրված են և տրված բուժման աղոթքները: Եվ այսպես, տարեցտարի նա հայտնաբերում է «Նարեկի» ողջ զորությունը, հասկանում ու հավատում, որ այն պարզապես գիրք չէ, այլ ողջ մարդկությանը տրված մի հրաշալի նվեր, երկրորդ Աստվածաշունչ: Սակայն այդ ամենին զուգահեռ` պետք էր կարողանալ հասկանալ այդ գրքի ճիշտ մեկնությունը, որպեսզի այն իսկապես հրաշագործ ազդեցություն թողներ: Այլ կերպ ասած՝ պետք էր մեռած գիրը դարձնել կենդանի խոսք:

«Խոսքը հզորագույն բուժական միջոց է: «Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել: Այսօր ես՝ որպես բժիշկ և գիտությունների թեկնածու, մի կողմ դրած իմ բժշկությունը, զբաղվում եմ խոսքի բժշկությամբ և միջազգային կոնգրեսներում ցույց եմ տալիս, որ «Նարեկը» հոգեբուժության գիրք է»,- ասում է Արմեն Ներսիսյանը:

Ըստ նրա՝ «Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցությանբ մեջ:

2004 թ. Արմեն Ներսիսյանը թողարկում է «Նարեկի» աղոթքներով իր առաջին ձայնասկավառակը: Այս տարիների ընթացքում նա բուժել է տարբեր հիվանդություններ, որոնք բժշկությունը համարել է բարդ ու անբուժելի. չարորակ ուռուցքներ, երևանյան հիվանդություն, նյարդային, մաշկային հիվանդություններ, անգամ Դաունի համախտանիշ:

Այժմ նա աշխատում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնում՝ որպես բժիշկ-հոգեթերապևտ, որտեղ նույնպես, մյուս մեթոդներին զուգահեռ, կիրառում է այս մեթոդը: Արդյունքները, ըստ հոգեթերապևտի, ապշեցուցիչ են: «Նարեկի» աղոթքները կարողանում են բարձրացնել մարդու իմունային համակարգը: Արմեն Ներսիսյանը համոզված է, որ «Նարեկով» կարելի է բուժել դարի չարիք համարվող այս հիվանդությունը:

«Մարդիկ ուզում են «Նարեկով» բուժվել, սակայն համապատասխան տեղեկատվություն չունեն: Առաջ «Նարեկը» բարձի տակ դնելու ավանդույթ կար, սակայն կարծում եմ, որ եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը,- ասում է հոգեթերապևտը:- Չի կարելի խաբվելով ապրել, թե «Նարեկը» գլխի տակ դնելով` բոլոր հարցերը կլուծվեն, իսկ արդյունք չլինելու դեպքում` արժեզրկել ողջ ճշմարտությունը: «Նարեկը» պիտի կարդալ, Նարեկը պիտի խոսք դարձնել: Եվ ամենակարևորը՝ պետք է հավատալ, քանի որ այս ճանապարհով լավանում է միայն նա, ով հավատով է ընտրում բուժման այս տարբերակը»,- ասում է Ներսիսյանը:

Ըստ նարեկաբույժի՝ հրաշագործ այս գիրքն այլ ցուցումներ էլ ունի և կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ: Օրինակ` երեխայի մեջ ավելի մաքուր արժեհամակարգ ստեղծել՝ զերծ պահելով նրան ապագայում կատարելիք մեղքերից ու դրանցից բխող հետևանքներից: Ուստի, նա կարծում է, որ երեխան, սկսած մանկապարտեզից, պետք է անընդհատ «Նարեկ» լսի, որպեսզի լինի խաղաղ, ներդաշնակ ու առաքինի:

Նարեկաբույժն իր փորձից գիտի, թե դա ինչ ազդեցություն է թողել 10-12 երեխաների վրա, որոնք լսել են իր աղոթքների սկավառակները և հետո իրենց տպավորությունները գրել: «Էսօր որոշել էի մեկին ծեծել, բայց պետք ա ներողություն խնդրեմ, որովհետև ես էի մեղավոր: Որ կարենամ խնդրեմ` շատ լավ կլինի»,- լսելուց հետո գրել է աշակերտներից մեկը:

«Չեմ կարում չխաբեմ, սուտ չխոսեմ, դրանից կայֆ եմ բռնում: Հիմա վատ եմ զգում, որ էդքան խաբել եմ: Հետո կթարգեմ, թե չէ, չգիտեմ»,- գրել է մեկ ուրիշը:

3«Նարեկում» կան աղոթքներ, որոնք մարդուն զղջման և հոգու թեթևացման են տանում: Դրանք օգտակար են հատկապես այն մարդկանց համար, որոնք հասել են կյանքի մայրամուտին և ինչ-ինչ պատճառներով տանջվում են՝ չհասկանալով տանջանքի բուն պատճառները: Այդ աղոթքներն օգնում են մարդուն տեսնելու իր հոգու խորքը, վերաիմաստավորելու իր կյանքը, բացահայտելու իր մեղքերն ու զղջալու, ապա հանգիստ խղճով հոգին ավանդելու:

«Նարեկն ազդում է և՛ մարմնի, և՛ հոգու վրա,- ասում է Արմեն Ներսիսյանը,-ընդհանրապես, մարդ իր խնդիրները, հարցերը լուծելու համար նախևառաջ պետք է ձերբազատվի ատելությունից ու չարությունից: Ինչպես հաճախ մաքրում ենք մեր մարմինը, հոգին էլ ժամանակ առ ժամանակ մաքրվելու կարիք ունի, քանի որ մի օր կարող է հիվանդանալ, որից էլ ի հայտ են գալիս բոլոր երևացող հիվանդությունները»:

Նարեկաբույժը կարծում է, որ հիմա հոգու սովի ժամանակաշրջան է, և մարդուն խոսք է պետք՝ բարի, ճշմարիտ խոսք: «Նարեկը» հենց այդ խոսքն է՝ ուղենիշը դեպի Աստված:

Վերածնված Անին ու «Նարեկը»

Անի Մաջնունյանը ծնվել է Իրանի Ուրմիա քաղաքում: Նրա պապը՝ տեր Հովսեփը, տեղի քահանան էր, որը մի օր երազ է տեսնում և երազի հետքերով գնալով՝ գտնում «Նարեկը», որն այլ մասունքների հետ թաքցված էր եկեղեցում:

Այսպիսով, XIX դարից փրկված սուրբ գիրքը հավանաբար հենց Աստծո կամքով գտնում է իր տիրոջը՝ Տեր Հովսեփին, որը սկսում է դրանով բուժել մարդկանց: Անիի մայրը պատմել է, թե ինչպես է պապը մեկ օրում բուժել հոգեկանը խանգարված մի երիտասարդի, որին ոչ մի հոգեբույժ չի կարողացել օգնել:

«Երբ տեսնում են, որ այլևս ոչինչ հնարավոր չէ անել, գյուղի ժողովուրդը որոշում է դիմել հարևան գյուղերից մեկում գտնվող մի մոլլայի, որը մարդկանց բուժում էր: Տղային տանում են նրա մոտ: Սակայն մոլլան ասում է, որ չի կարող հիվանդին օգնել և խորհուրդ է տալիս դիմել գյուղի հոգևոր հորը՝ տեր Հովսեփին՝ ասելով, որ վերջինս թող իր գրքից աղոթք գրի, միայն դա կբուժի»:

(Visited 1 652 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх