Մալխաս Ամոյան. Թուրքի նկատմամբ հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված, վիրավորված, մասնակցած բոլոր զինվորներին…..

Աշխարհի գավաթում թուրքի նկատմամբ տարածս հաղթանակը նվիրում եմ Արցախյան պատերազմում զոհված, վիրավորված, կռված բոլոր զինվորներին: Շնորհակալություն նրանց կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 72 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ նվաճած Մալխաս Ամոյանը:

2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն աշխարհի գավաթում 4 գոտեմարտ անցկացրեց: Եզրափակիչի ճանապարհին երիտասարդ ըմբիշը հաղթեց 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին (6:0), երկրորդ գոտեմարտում 1 րոպե 47 վայրկյանում տպավորիչ հաղթանակ տարավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ (12:0), կիսաեզրափակիչում շանս չտվեց թուրք Չենգիզ Արսլանին (7:0):

Եզրափակիչում Ամոյանը մրցեց 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ մրցակցի վերջին միավորի առավելությամբ պարտվեց 1:1 հաշվով:

Մալխաս, շնորհավորում եմ արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ: Եզրափակիչում շատ մոտ էիր ոսկե մեդալին: Ի՞նչը խանգարեց քեզ հաղթանակի համար:

Ավելի ուրախ կլինեի, որ կարողանայի ոսկե մեդալ նվաճել: Իմ թերության պատճառով սխալ մոտեցա եւ պարտվեցի: Հունգարացու հետ ցանկանում էի 4 միավորանոց հնարք կատարել, ճիշտ չմոտեցա եւ արդյունքում ոչ մի միավոր չվաստակեցի:

Այնպես չի, որ հաղթանակի համար ինձ ինչ-որ բան խանգարեց: Կարող էի նրան հաղթել, ուղղակի սխալն իմն էր, այդ պատճառով զիջեցի: Միայն իմ մեղքի բաժինն է, որ ոսկե մեդալը չնվաճեցի:

Բելգրադի մրցագորգում 4 գոտեմարտ անցկացրիր: Ո՞րն էր ամենատպավորիչը քեզ համար:

Ամենատպավորիչն ու կարեւորն ինձ համար թուրքի հետ գոտեմարտն էր կիսաեզրափակիչում: Այս գոտեմարտն այն առումով եմ առանձնանում, որ կարեւոր էր ոչ միայն ինձ համար, այլեւ իմ ազգի: Երբ գոտեմարտից առաջ տեսա, թե ինչպես են սպասում թուրքի հետ պայքարին, ինչպես են ինձ երկրպագում, ոգեւորում, ավելի մեծ պատասխանատվությամբ տրամադրվեցի: Ինձ համար կարեւոր էր հաղթել:

Պատերազմից հետո այդ հաղթանակը առավել քան պետք էր: Գիտակցում էի, որ պետք է իմ ձեռքը բարձրանա այդ գոտեմարտի ավարտին, քանի որ այդ փոքր հաղթանակով ինչ-որ չափով կարողանալու եմ ուրախացնել իմ ժողովրդին: Պարտավորվածությունս շատ մեծ էր, ճիշտ կարողացա տրամադրվել, մարզիչների հրանահանգը ճիշտ կատարել ու հաղթեցի:

Շատ ծանր ու պատասխանատու գոտեմարտ էր: Թուրքը տիտղոսակիր ըմբիշ էր, բավական ուժեղ, հասկանում էի, որ բարդ է լինելու նրան հաղթելը: Ծանր էր նաեւ հոգեբանական առումով:

Ինչպե՞ս էի քեզ զգում մրցագորգում պատերազմից հետո:

Ընկճված էինք բոլորս: Նախ կորոնավիրուսի պատճառով այս տարի հնարավորություն չունեցանք լիարժեք մարզվել, մարզադահլիճներն էին փակ, տնային պայմաններում էինք ֆիզիկական մարզավիճակ պահում, դրսում էինք մարզվում, բայց գորգային մարզումներ գրեթե չէինք անում: Երբ արդեն հնարավորություն ունեցանք վերսկսել մարզումները, պատերազմը սկսվեց եւ նորից ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Մարզումների գնում էինք, բայց օրերով չէինք կարողանում կենտրոնանալ, բոլորիս ուշադրությունը, միքտը առաջնագծում էր:

Շատ դժվար ու ծանր օրեր ենք անցել, ծանր ապրումներ ունեցել, շատ հարազատ ընկերներ ենք կորցրել այս պատերազմում եւ այդ ամենն ուղիղ կերպով ազդում էր բոլորիս հոգեվիճակի վրա: Ես, ամբողջ թիմը շատ ընկճված էինք պատերազմի պատճառով: Շնորհակալ եմ հավաքականի մարզիչներին, անձնական մարզիչներիս, հորեղբայրներիս՝ մեզ հետ այդ օրերին ճիշտ աշխատանք, զրույցներ կատարելու, հոգեպես հասկանալու ու օգնելու համար:

Մասնավորապես աշխարհի գավաթի անցկացումը հաստատվելուց հետո մեր մարզիչները մեծ աշխատանք կատարեցին, մեզ անդադար կենտրոնացնում էին մարզումների վրա, որ լավ պատրաստվենք եւ պատվով ներկայացնենք մեր երկիրն աշխարհի գավաթում: Արդյունքում բոլորս էլ նորմալ պատրաստվեցինք: Կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել: Մի քանի դրվագներում տղաների գոտեմարտերում եղան մրցավարական անարդարություններ, նաեւ ընդհանուր պատերազմը բոլորիս վրա իր ազդեությունն ունեցավ, հակառակ դեպքում մեդալների քանակն ավելի շատ կլիներ:

Մալխաս, նշեցիր, որ առանձնացնում ես թուրքի հետ գոտեմարտդ: Պատերազմն ի՞նչ փոխեց գորգում թուրք կամ ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ:

Պատերազմից առաջ մտածելակերպս այլ էր, ես հանդիպում էի թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների ու նրանց հետ գոտեմարտում, ինչպես այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Այո, միշտ էլ որոշակի առանձնահատուկ տրամադրվածություն եղել է այս երկու հարեւան երկրների ներկայացուցիչների նկատմամբ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է:

Թուրքի հետ գոտեմարտի դուրս գալիս այնպիսի տպավորություն էր, այնպիսի վճռականությամբ էի լցված, որ ես հաղթանակից բացի այլ ելք չունեմ: Այլ լուծումով չի կարող ավարտվել իմ կռիվը: Ես գիտակցում էի, որ ես ներկայացնում եմ իմ ազգին, ու սա իմ ազգի պատվի կռիվն է: Այն օրերը, որ ապրեցինք վերջին ամիսներին, ինձ պարտադրում է հաղթել մրցագորգում: Սա մեր զինվորիների հաղթանակն էր, մտածում էի, որ ես պետք է հաղթեմ մեր զինվորների, պատերազմում զոհված տղերքի համար:

Երբ վերջում իմ ձեռքը բարձրացրին, ուրախացա: Հետո երբ տեսա, թե սոցցանցերում ինչպես են արձագանքել իմ հաղթանակին թուրքի նկատմամբ, կրկնապատիկ ուրախացա, ոգեշնչվեցի:

Կիսաեզրափակիչում տարածդ հաղթանակը քեզ ավելի է ուրախացրե՞լ, քան արծաթ մեդալը:

Եզրափակիչում եւս շատ էի ուզում հաղթել, երեւի հենց այդ պատճառով սխալ մոտեցա: Ավելի լավ էր 0:4, 0:6 հաշվով պարտվեի ու համարեի, որ լիրաժեք պարտվել եմ, քան 1:1 հաշվով հաղթանակը զիջեի: Վատ է, երբ գիտես՝ կարող ես, բայց պարտվում ես հավասար հաշվով: Փաստ է, որ պարտություն է, քո ձեռքը չեն բարձրացրել:

Իսկ կիսաեզրափակիչում ուրախացա ոչ թե գոտեմարտը հաղթելու, այլ թուրքին հաղթելու համար, ուրախացա մեր զինվորների, ժողովրդի համար:

Սա իմ փոքրիկ շնորհակալությունն էր այս պատերազմում զոհված, կռված, վիրավորված յուրաքանչյուր զինվորին ու, երբ իմ ձեռքը բարձրացրին, ինքս ինձ ասացի, որ այս հաղթանակը նվիրում եմ նրանց:

(Visited 35 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх