Զորահավաքային ռեսուրսների համալրման գործընթացի ձախողումը միտումնավոր էր. Սեյրան Օհանյան

Այդ մեկ պաշտոնյան իր թիմի հետ պետք է օր առաջ հեռանա, և իշխանության գա արհեստավարժ մարդկանց թիմ, որ հարկ եղած դեպքում և՛ ազգը կմոբիլիզացնի, և՛անվտանգությունը կապահովի, և՛ միջազգային ասպարեզում գլուխը բարձր, համարձակ, արժանապատվորեն կներկայանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Համապետական սգո այս օրերին մինչև գետին խոնարհվելով մեր քաջարի մարտիկների սխրագործությունների, զոհվածների հիշատակի առջև, անհայտ կորածների ճակատագրով խիստ մտահոգ, սակայն լավատեսորեն սպասելով նրանցից յուրաքանչյուրին, շուտափույթ վերադարձ ցանկանալով գերիներին՝

մեր ժողովրդի ուշադրությանն եմ հրավիրում երկու կարևոր հանգամանք։

Առաջին․ դեկտեմբերի 19-ին վարչապետի՝ դեպի Եռաբլուր կազմակերպած սգո երթը դիտելուց հետո ես հասկացա, որ Արցախյան այս պատերազմում համընդհանուր մոբիլիզացիայի, զորահավաքային ռեսուրսների համալրման գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր՝ ինձ համար դեռևս անհայտ նպատակայնությամբ։

Եթե գերագույն հրամանատարը կարող էր մոբիլիզացնել պետության ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ներառյալ ուժային կառույցները, և անտեղի ոգևորության, ծափողջույնների ու սուլոցների ուղեկցությամբ բարձրանալ Եռաբլուր (սեփական անձի պաշտպանության անիմաստ և զավեշտալի դրվագներով), ապա ինչու ի՛նքը ողջ պետական ապարատի հետ, չկատարելով իրենց պաշտոնական ֆունկցիոնալ պարտականությունները, չմոբիլիզացրեց այդ նույն ռեսուրսը և նրանց հետ, ոգևորիչ սուլոցներով ու ծափողջույններով անձամբ չմեկնեց Արցախ՝ համալրելու մեր զինվորների` իր իսկ ձախողումների հետևանքով նոսրացած շարքերը և բեկում մտցնելու, հաղթանակ կռելու։

Եվ երբ նույնիսկ հուշումներ ստանալուց հետո վարչապետը չհասկացավ մոբիլիզացիայի դերը, ո՛ւր էին մնացած կառույցները՝ ազգային ժողովը, կառավարությունը, տարածքային կառավարման մարմինները, մարզային կառավարման համապատասխան օղակները, զինկոմիսարիատները, որ չհուշեցին և չկատարեցին իրենց պարտականությունները։

Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․

Երկրորդ․ ՀՀ առօրյա գործունեության, սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը՝ այսինքն երկկողմ և բազմակողմ հարաբերությունները մեր գործընկեր, դաշնակից պետությունների հետ։

Իսկ պետական ապարատն իր ղեկավարի հետ արդյո՞ք կատարում է այդ պարտականությունը։

Երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ, հարևանների հետ ձախողելուց հետո, բազմակողմ հարաբերություններում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ մեր կատարած աշխատանքները փոշիացնելով, չմասնակցելով ԱՊՀ հեռավար գագաթնաժողովին և պետությունը ներկայացնող պաշտոնյայի բացակա լինելը կապելով մեկ մարդու՝ վարչապետի անձնական խնդիրների հետ, ներկայիս իշխանությունները շարունակում են խաղալ ՀՀ արժանապատվության հետ։

Խորին ցավակցություն հայտնելով երկրի վարչապետի հոր մահվան կապակցությամբ (Աստված հոգին լուսավորի)՝ հարց է առաջանում՝ չկա՞ր մեր այս պետական ապարատում այլ պաշտոնյա, ով կարող էր արժանապատվորեն, գրագետ ներկայացնել մեր պետությունը և իրազեկված, ակտիվ մասնակցել քննարկումներին, առավել ևս պատասխանել Ալիևի այն ստերին, որոնցով հերթական անգամ նա կեղծում է մեր պատմությունը, Արցախյան հարցի ծագումնաբանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման դեմ ուղղված, իրենց կողմից հրահրված բոլոր պատերազմական գործողությունները, հայկական կողմի վրա բարդելով ոչ միայն պատերազմի ժամանակ իրենց կողմից միջազգային մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների փաստերը՝ խաղաղ բնակչության, գերիների խոշտանգումները, պատմամշակութային արժեքների պղծումն ու ոչնչացումը, այլև այս տարվա վերջին սրացումներն և իր կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը, քամահրանքով մեզ ներկայացնելով որպես թույլ, բայց միևնույն ժամանակ ագրեսոր պետություն։

Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․

Այս իրականությունն է, որ ինձ բերում է այն դառը համոզման, որ ոչ միայն վերջին երկուսուկես տարիների ձախողումները, այս պատերազմում մեր պարտությունը պետական ռեսուրսների, համակարգի անգրագետ կառավարման արդյունք էին, այլև մեր պետության՝ այսպիսի անգրագետ կառավարման շարունակության դեպքում ձախողումներն ու պարտությունները մշտական են լինելու, և տուժելու է ազգը։

Այդ մեկ պաշտոնյան իր թիմի հետ պետք է օր առաջ հեռանա, և իշխանության գա արհեստավարժ մարդկանց թիմ, որ հարկ եղած դեպքում և՛ ազգը կմոբիլիզացնի, և՛անվտանգությունը կապահովի, և՛ միջազգային ասպարեզում գլուխը բարձր, համարձակ, արժանապատվորեն կներկայանա։

ՀԳ

Իսկ այսօրվա՝ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է» արտահայտությանն ի պատասխան, ևս մեկ անգամ խորապես հիասթափված՝ կարող ենք փաստել, որ փաստորեն ներկայիս իշխանության ղեկավարը միայն մեկ սահման գծելու հնարամտություն, բովանդակ կարողություն է ունեցել՝ սահման «նախկինների» և «ներկաների» միջև, բայց պարտավոր էր իրազեկված լինել, որ միջպետական սահմանները կարող են որոշվել միայն միջպետական փաստաթղթերով, միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ընդունումից հետո, այն էլ ոչ հապճեպ, այլ երկարատև բանակցելուց հետո՝ գերադասելով սեփական պետության և ազգի շահը։

Նոյեմբերի 9-ին հրադադարի ստորագրման, ինձ և ժողովրդի համար անընդունելի հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ GԵՒS-ով սահման գծելուն»։

(Visited 69 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх