Ինչու՞ է հանրությունը պահանջում Փաշինյանի հրաժարականը

Կապիտուլյացիայի ակտի ստորագրումից անցել է ավելի քան մեկ ամիս, իսկ Փաշինյանը դեռ հրաժարական չի տվել։ Իշխանությունները սկզբում առաջարկում էին, որ 17-ի միավորումը ներկայացնի վարչապետի իր թեկնածուին, այլապես անհասկանալի է, թե ումով են ցանկանում փոխել Փաշինյանին ու ինչ ծրագիր են ներկայացնելու հանրությանը։ Բայց, երբ ծրագիրն էլ ներկայացվեց ընդդիմության վարչապետի կոմպրոմիսային միասնական թեկնածուին էլ, այդժամ էլ սկսեցին քննարկել Վազգեն Մանուկյանի անձը, անցած ճանապարհն ու կենսագրության «մութ» էջերը։

Իշխանությունները համառորեն ցանկանում են այս պայքարը ներկայացնել իբրև անձերի միջև պայքար, ավելի ճիշտ՝ աթոռակռիվ, բայց հարցն ամենևին էլ անձը չէ, պայքարը Նիկոլ Փաշինյան անձի դեմ չէ, այլ մեր երկիրը պարտության հասցրած ղեկավարի, ով ուզում է նա լինի։ Հպարտությամբ հիշում ենք, որ 4500 տարի առաջ Հայկը սպանեց ոսոխ Բելին, ու դրանից հետևում է, որ մի 4500 տարի էլ հիշելու ենք, որ մեր հողերը հանձնվել են թշնամուն Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ։

Իրո՞ք կարծում եք, որ որևէ մեկին կհետաքրքրեր Հայկ նահապետի արդարացումը, թե չկարողացավ սպանել Բելին, քանի որ անօրակ նետ ու աղեղ էր ժառանգություն ստացել նախորդներից։ Հայտնի խոսք է՝ հայրենիքը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր նախորդներից, այլ պարտք ենք վերցրել մեր հետնորդներից։

Իսկ հիմա ի՞նչ ենք հանձնելու մեր ժառանգներին։ Այս պատերազմի հենց առաջին օրերին բոլորը միաձայն պնդում էին, թե սա մեր վերջին կռիվն է, պետք է հաղթենք, որպեսզի մեր կիսատ թողած պատերազմը չթողնենք մեր զավակներին։ Իսկ հիմա ի՞նչ արեցինք․ թողեցինք կորցրած տարածքներ, թշնամուն մոտեցրեցինք մեր սահմաններին։

Ազատագրված տարածքները կոչում էինք անվտանգության գոտի, գիտակցում էինքխ չէ՞, թե ինչու էինք այդպես կոչում, իսկ հիմա հանձնեցինք այդ անվտանգության գոտին՝ դարձնելով մեզ համար վտանգի գոտի։ Այ սա թողեցինք մեր հետնորդներին, ավելի ահարկու պատերազմի վտանգն էլ՝ վերադիր։ Այ սա համառորեն չեն ուզում հասկանալ մեր իշխանությունները, թե հանրությունն ինչի համար է պայքարում, ինչի է ուզում, որ Փաշինյանը ժամ առաջ հեռանա։

Երկուսուկես տարի առաջ հանրությունը ոչ միայն ներում էր անփորձ ու անծրագիր հեղափոխական իշխանությունների ամեն մի անօրինականություն, այլ նաև՝ աջակցում ու քաջալերում նրանց, հանդիմանում քննադատողներին, թե՝ թողեք աշխատեն, իրենք են հաղթել, ուրեմն հաղթողինն է ամեն ինչ, իսկ պարտվողին՝ ոչինչ։

Հիմա այսօր ինչի՞ համար պիտի ներեն Փաշինյանին, ախր անգամ բարոյական հաղթանակ չտարանք, որ գոնե դրանով մխիթարվեինք։ Կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով քայքայված տնտեսություն, որ չգիտենք հիմա զարկ տանք տնտեսությա՞ն զարգացմանը, թե՞ պատերազմի հետևանքով հիմնովին ջախջախված զինտեխնիկան վերականգնենք, այն էլ՝ նոր որակի ու ավելի թանկ տեխնիկայով համալրենք, իսկ այս երկուսը համատեղելը ու կարճ ժամանակում լուծելը շատ լուրջ բեռ է մեր տնտեսության ուսերին։

Այս արհավիրքից հետո ունենք, ավելի ճիշտ՝ պետք է ունենանք միայն մեկ գերնպատակ՝ հետևողական քայլերով հզորեցնել Հայաստանը։ Եթե հզորանանք, շանս կունենանք բարենպաստ իրավիճակի պարագայում hետ բերելու բոլոր ժամանակներում մեր կորցրածը։ Բայց կարո՞ղ ենք դա անել այս իշխանությունների օրոք։

Միանշանակ ոչ։ Ցանկացած աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներպետական իրավիճակով կարող են մեր իշխանությունները բացատրել, թե ինչու սկսվեց պատերազմը, ու որ դրանում բոլորը մեղավոր են, բացի Փաշինյանից, բայց պետք է հաշվի նստել փաստերի հետ ու ներկայացնել հենց վարչապետի անձնական սխալները, ինչը հանգեցրեց պատերազմի։ Խելամիտ չէր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին կոռուպցիոներներից երեք միլիարդ դոլար է բռնագանձելու ու այդ գումարներն ուղղելու է բանակի զարգացմանը։

Այդ ընթացքում Սաշիկ Սարգսյանն իշխանության ճնշման արդյունքում երեսուն միլիոն դոլար նվիրաբերեց բանակին, իսկ Փաշինյանը հանրությանը բացատրում էր, որ պետք է դատական համակարգն իր ձեռքը վերցնի, առաջին հերթին՝ ՍԴ-ն, բացի այդ ընդունվեց օրենք ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին, ու մի քանի այլ քայլեր անելը վկայում էր, որ վարչապետը լի է վճռականությամբ միջոցների առաջ կանգ չառնելով գումար հավաքել, ու թե որ մասը կգնար բանակին, իսկ որ մասը գնաց իշխանավորների պարգևատրումներին դա արդեն այլ հարց է։

Փաստ է, որ մեր թշնամիներն իմացան, որ ունեն քիչ ժամանակ մեր դեմ պատերազմ սկսելու, իսկ պատրվակը տվեց դարձյալ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստան է և վերջ, ինչով ասեց, որ բանակցություններն անիմաստ են, պատրաստվում ենք պատերազմի, այն դեպքում, երբ մենք պատերազմին պատրաստ չէինք։

Եթե այս պատերազմում Թուրքիային աշխարհի հզորները կարողանային չեզոքացնել, ապա մենք կջախջախեինք Ադրբեջանին, համենայնդեպս մեզ այդպես էին համոզել մեր երկրի ռազմաքաղական ղեկավարները, բայց այսօր, եթե անգամ Թուրքիան մի կողմ քաշվի, ապա, ակնհայտ է, որ չենք հաղթի Ադրբեջանին, ու ոչ միայն մեր կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծ կորուստների պատճառով, այլև՝ բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վատթարացման, մեր պոռոտախոսության կործանանար հետևանքների պատճառով։

Եկեք այսօր մեր երկիրը հետևողականորեն հզորացնենք, աշխարհի հետ նորմալ հարաբերվենք, լինենք հուսալի գործընկեր մեր ռազմավարական դաշնակցի համար, հարգված գործընկեր ռազմաքաղաքական ու տնտեսական այն տիրույթների անդամ երկրների համար, որոնց անդամակցում ենք, ու մի բարենպաստ օր էլ փոքր երկրին հատուկ ճկունությամբ ու մանևրականությամբ կարող ենք աշխարհի մեծերի հակասությունների արդյունքում շահած դուրս գալ։

Ինչո՞ւ պետք է ժամ առաջ հեռանա Փաշինյանը։ Աշխարհը տեսել է, որ Ուինսթոն Չերչիլի քաղաքական ու դիվանագիտական ճկունության, լայնախոհության արդյունքում Մեծ Բրիտանիան հաղթանակ տարավ Երկրորդ աշխարհամարտում, բայց նրան բրիտանացի ընտրողները մերժեցին պատերազմից շատ չանցած։

Աշխարհը տեսել է, որ Երկրորդ աշխարհամարտում պարտված, բայց հետպատերազմական բաժանումների մեջ Շառլ դը Գոլի շնորհիվ հաղթանակի բարիքներից օգտված ֆրանսիացի ընտրողը տարիներ անց մերժեց լեգենդար գեներալին, ու ինչպես տեսնում ենք այդ երկրների համար ոչ մի ազգակործան բան տեղի չունեցավ դրանով, ընդհակառակը՝ հետևողականորեն զարգանում են, ի՞նչն է խանգարում, որ մեզանում էլ փոխվի Փաշինյանը, որպեսզի պարտվողի խարանը մաքրենք մեր ճակատից, ու մի տարի անց գնանք ընտրության։

2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը յոթ տոկոս ձայն հավաքեց, այն էլ՝ երեք կուսակցության դաշինքով, երբ հետագայում հեղափոխության օրերին դաշինքի երկու կուսակցությունները ոչ միայն չմասնակցեցին, այլ նաև՝ դեմ դուրս եկան Փաշինյանին։ Մեկ տարի անց արդեն հաղթանակած Փաշինյանը ստացավ 70 տոկոս ձայն, հիմա չենք ուզո՞ւմ տեսնել, թե որքան ձայն կստանա Փաշինյանի ղեկավարած ուժն այս խայտառակ պարտությունից հետո։ Եթե մեր ժողովուրդը դարձյալ կվստահի Փաշինյանին, ուրեմն դա մեր հանրության կամքն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, ու մենք էլ ունենք մեր օրիենտիրը այն գնահատելու։

2003թ․ նախագահական ընտրություններին շատերի կարծիքով հաղթել էր Ստեփան Դեմիրճյանը, իսկ 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այլ թեմա է, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, բայց եթե ընդունում են այդ փաստը, ապա պետք է ընդունեն նաև այն, որ 2017թ․ խորհրդարանական ընտրություններին Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն ու Լևոն-Տեր Պետրոսյանի ՀԱԿ-ը մասնակցեցին դաշինքով ու Արցախի հարցում զիջումների գնալու նախընտրական ծրագրով՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով, ու այդ ուժն իրենց լեգենդար առաջնորդներով հանդերձ ստացավ ընդամենը 1,65 տոկս ձայն։

Այդպիսին էր հանրության վերաբերմունքը պարտվողական տրամադրություններով ընտրության գնացողի նկատմամբ, չտեսնե՞ք, թե ինչպիսին է հանրության տրամադրությունը իրական պարտված ուժի նկատմամբ, չհասկանա՞նք, թե ինչպես ենք զարգացնելու մեր երկիրը, եթե այս նոր իրավիճակում չգիտենք, թե որ քաղաքական ուժն է վայելում հանրության վստահությունը՝ երկիրը պատերազմի՞ պատրաստողը, թե՞ խաղաղության։

(Visited 81 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх