Ֆրանսիայի դեսպանն այս ամբողջ ընթացքում լռել է: Նա հիմա էլ է լռում, երբ Նիկոլը մեդիան խեղդում է. Միքայել Մինասյան

Ֆրանսիայի դեսպանն այս ամբողջ ընթացքում լռել է: Նա հիմա էլ է լռում, երբ Նիկոլը մեդիան խեղդում է: Այս մասին իր Telegram-ում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Երեկ ինձ զանգահարեց Ելիսեյան պալատին մոտ ընկերս: Եվ ասում է.

— Լսի, ի՞նչ է տեղի ունեցել մեր պատվիրակության հետ: Ես անկապ տեղեկություններ եմ ստանում, իսկ մեդիայում ոչ մի բան չկա, եւ ոչ մի բան հասկանալի չէ:

— Դե լավ,- ասում եմ նրան,- սովորական պատմություն է: Սա մեր լռության հետեւանքն է:

— Ո՛չ,- ասում է նա,- բայց ի՞նչ է իրականում այնտեղ տեղի ունեցել:

Եվ ես նրան պատմեցի: Մի քանի օր առաջ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել լրագրողների, հասարակական գործիչների, տեսակետների առաջնորդների խումբ՝ նախկին քաղաքապետներից մեկի գլխավորությամբ, Արցախ մեկնելու եւ սեփական աչքերով այնտեղ տեղի ունեցողը տեսնելու նպատակով: Նրանց պաշտոնապես հավատարմագրել են, եւ նրանք ուղեւորվել են Ստեփանակերտ: Լաչինում նրանց կանգնեցնում են եւ հարցնում.

— Դուք ո՞ւր եք գնում:

Երբ լրագրողներն ասում են՝ Արցախ եւ ցույց տալիս հավատարմագիրը, խաղաղապահներն արգելում են նրանց մուտքը՝ ասելով, որ դուք մտնում եք Ադրբեջան, եւ Հայաստանում ստացած հավատարմագիրն անվավեր է: Ոչինչ չէին կարող անել: Պատվիրակությունը վերադառնում է Երեւան՝ Ֆրանսիայի դեսպանի մոտ: Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ոչ պաշտոնապես կապ է հաստատում Նիկոլի հետ եւ փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Իսկ Նիկոլը նրան պատասխանում է, որ այո, հունվարի 11-ին մենք պայմանավորվել ենք, որ միջազգային մեդիան պետք է ստանա ադրբեջանական հավատարմագրում, եւ ընդհանրապես, ավելի լավ կլինի, որ նրանք այս գործերին չխառնվեն: Ջոնաթան Լաքոթին ոչինչ չէր մնում անել, քան լռելը:

Լաքոթի լռությունն անչափ ցուցադրական է: Եվ, ինչն ամենավիրավորականն է, սպասելի: Ֆրանսիայի դեսպանն այս ամբողջ ընթացքում լռել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը լռել է, երբ Նիկոլը Ալիեւի հետ զուգահեռ հաղորդակցություն էր հաստատում, նա լռել է, երբ Նիկոլն իր հայտարարություններով տորպեդահարում էր բանակցային գործընթացը, նա լռել է, երբ սկսվեց պատերազմը, նա լռել է, որբ Նիկոլը պատերազմի ժամանակ մերժեց ֆրանսիական ռազմական օգնությունը:

Աշխարհին ազատության, հավասարության եւ եղբայրության արժեքներ նվիրած երկրի դեսպանը լռել է 2018-ի ապրիլին, լռել է, երբ ամբոխը ցրեց օրինականորեն ընտրված խորհրդարանը, լռել է, երբ շրջապատել էին դատարանները, լռել է, երբ հեղափոխական իշխանությունը վիրավորել է ընդդիմախոսներին, լռել է, երբ հեղափոխական իշխանությունը խախտել է մարդու իրավունքները: Եվ նա հիմա էլ է լռում, երբ Նիկոլը մեդիան խեղդում է:

Սրանով կարելի էր եւ ավարտել, բայց ես հիշեցի իմ ծանոթությունը Ջոնաթան Լաքոթի հետ ամերիկացի դեսպանի տանը ճաշին, այն, թե մենք ինչպես էինք քննարկում խոսքի ազատության կարեւորությունը, եւ այն, որ մեդիան ժողովրդավարական հասարակության ամենակարեւոր տարրն է: Եվ, ինչը պակաս կարեւոր չէ, չէինք վիճում, այլ համաձայնվում էինք:

(Visited 44 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх