«Եթե մենք «սերմացու գողացող մկներ» էինք, ապա զրահաբաճկոնը 600 ԱՄՆ դոլարով առնողը ի՞նչ է՝ «կռի՞ս» է». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Ձեր ասածը ստացվում է դավադիր պատերազմ:

-Ներողություն, կամ գոնե եթե այդ մտքով չի արվել այլ ուղղակի եղել է դիրքային բարելավում և դրա մասին զինվորականները չեն իմացել, ա՛յ այդ բարելավումը, կոնֆլիկտը սրանք օգտագործեցին այդ նպատակով: Տեսեք, Դավի՛թ, մենք 1994 թվականից հետո բազմաթիվ դիրքային բարելավումներ ենք ունեցել, հարցրեք այն ժամանակվա բոլոր կորպուսի հրամանատարներին, հարցրեք երրորդ կորպուսի հրամանատարին, չորրորդ կորպուսի հրամանատարին, հարցրեք Սեյրան Օհանյանին, հարցրեք այսօրվա գլխավոր շտաբի պետին, որը այն ժամանակ գնդի հրամանատար, կորպուսի հարմանատար էր: Մենք 2012, թե՞ 2013 թվականին, միգուցե ավելի շուտ կամ միգուցե ավելի ուշ, ունեցել ենք մի դիրքային բարելավում, որ առնվազն 100 քառակուսի կիլոմետրից ավելի բարելավում ենք ունեցել, բայց մենք դա չենք գովազդել, որովհետև եթե դու այդպիսի բաները գովազդում ես, դու անելանելի վիճակ ես ստեղծում քո հակառակորդի համար, նա ստիպված ինչ-որ տեղ պետք է պատասխան տար, և Ալիևը մեզանից սովորել էր դա, և երբ որ ինքը 2018 թվականի մայիսին, հունիսին դիրքային մեծ բարելավում ունեցավ Նախիջևանում, դրա մասին բարձրաձայն չհայտարարեց: Հասկանում էր, որ կարևորը այն չէ, որ դու հայտարարես և ինչպես ասում է ժողովուրդը՝ «աչոկ» հավաքես, կարևորը դիրքերդ բարելավելն է:

-Դե մերոնք էլ էին թաքցնում բավականին երկար ժամանակ մինչև գլխավոր շտաբի նախկին պետը չասաց այդ մասին, որ հենց այդ շրջանում մենք զգալի դիրքային կորուստներ ենք ունեցել:

-Բայց դա ե՞րբ եղավ: Երկու տարբերակ կա. կա՛մ դու պետք է աշխատես «աչոկ» հավաքելու վրա, այսինքն՝ լինես պոպուլիստ կամ ծայրահեղ պոպուլիստ, կա՛մ քո նպատակը պետք է լինի աշխատելով մի բան առաջ գցես և որի մասին հայտարարելը վնաս չի տալիս, կարող ես անել: Ես չեմ ասում, որ չպետք է մտածես, թե քո վարկանիշը ինչքան է, բայց քո նպատակը քո վարկանիշը չպետք է լինի, քո նպատակը քո պարտականությունները կատարելը պետք է լինի: Հիմա այս տեսագրությունից հետո ինձ մոտ հարց առաջացավ, Դավի՛թ: Մի կողմից ասում եք, որ կա այսպիսի կարծիք, որ բանակը թալանվել է 20 տարի, սպառազինություններ ձեռք չեն բերվել և այլն, և մյուս կողմից՝ կա այսպիսի տեսագրություն, և այդ տեսագրությունները բազմաթիվ են` սկսած նրանից, որ 2018 թվականից հետո աննախադեպ քանակի սպառազինություններ են իբր ձեռք բերվել, որոնք կա՛մ նոր էին` այսինքն 2019 թվականի, կա՛մ ընդհանրապես չօգտագործված, որը փակում էր 80-ականների զենքերի ամոթալի էջը, ընդհուպ մինչև բանակի գովերգում և այլն: Հիմա ես առաջարկում եմ Ձեզ էլ, և այդ կարծիքը տարածողներին էլ` կողմնորոշվեք, հիմա մեր բանակը եղել է մարտունա՞կ, թե՞ խեղճուկրակ, թալանված:

– 2020 թվականի հուլիսին մարտունակ էր, այո, դիրքային մարտ վարելու համար մարտունակ:

-Այսինքն՝ հուլիսին մարտունակ էր, իսկ սեպտեմբերին դարձավ թալանվա՞ծ:

-Լայնամասշտաբ պատերազմի համար անպատրաստ:

-Բա լայնամասշտաբ պատերազմի համար եթե անպատրաստ էր, բա ինչպե՞ս էր տարածաշրջանային որոշիչ դերակատարություն ունեցել, բա այդ ինչպե՞ս էին ցնցվել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Թուրքիայում, բա ինչպես էր հայտարարվում, որ Ադրբեջանը համոզվեց վերջնականապես, որ խնդիրը ռազմական լուծում չունի, բա ի՞նչ է, սահմանային կոնֆլիկտո՞վ էր որոշվելու՝ ռազմական ճանապարհով լուծվում է, թե չի լուծվում: Հասկանում ես, սուտը պետք է գոնե չափավոր ասվի, եթե ընդհանրապես ճիշտը այն է, որ պետք է բացառվի: Բայց երբ մարդ ամեն օր, ամեն ժամ ստեր է տարածում, ինքն էլ է խճճվում այդ ստերի մեջ, ի վերջո մեկ տրամաբանական բան չի կարող լինել. չի կարող լինել այդպես՝ թալանել են, թալանված է, իսկ թալանի մասին մենք կխոսենք, երևի, իշխանափոխությունից հետո ավելի լուրջ, ինչու եմ ասում, որովհետև բանակի իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը և պատերազմից հետո, բայց գայթակղվեմ՝ մի փաստ ասեմ. պատերազմի ժամանակ, շրջանցելով պաշտպանության նախարարությանը, այս կառավարությունը գնումներ է կատարել, անհասկանալի է, թե ինչու են շրջանցել պաշտպանության նախարարությանը, ընդ որում, օրինակ, երկու-երեք անգամ թանկ գներով, քան դա կարելի էր ձեռք բերել:

-Սպառազինության մասի՞ն է խոսքը:

-Օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ՝ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից քիչ թե շատ տեղեկություններ ունի, կարող է չհավատալ, բայց ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ: Թալանչին մե՞նք էինք, թող ցույց տան մի բան, որ մենք իրական արժեքից մի կոպեկ ավելի թանկ ենք գնել, թող ցույց տան, մե՞նք ենք թալանել, երբ անորակ վառելիք են տանում ու պարտադրում են, որ բանակը ընդունի ու այնուհետև օգտագործի: Բանակը «կլուբնիկով» ու ներքնաշորով դու մարտունակ չես կարող դարձնել:

-Բայց հանրային ընկալումը ձևավորվում էր այդպես, պարո՛ն նախագահ: Վերջին երեք տարում մեզ ասվում էր, որ թիկունքային ապահովման, զինվորների սննդի, հագուկապի և մի շարք այլ հարցերում` թիկունքի հետ կապված, ո՛չ սպառազինության, ո՛չ մարտունակության, մենք հարցերը լուծել ենք, հետևաբար մեր բանակը լավագույնն է, այո, մեր զինվորը կուշտ է:

-Այդ իրենց է թվում, թե իրենք հարցերը լուծել էին, որովհետև իրենք տեղյակ չէին, թե այդ բանակը ինչպես է կայացել, իրենք տեղյակ չէին, որ այդ բանակի կայացման սկզբնական փուլում այդ բանակը ո՛չ զորանոց ուներ, ո՛չ համազգեստ ուներ, ո՛չ սնունդն էր տեղը, լացս գալիս էր, երբ Հորադիզում մեր 18 տարեկան զինվորները կոշիկ չունեին, որովհետև երկրի վիճակն էր այդպես: Տարեցտարի բարելավվել է, և մենք, երբ մինչ բանակ «կլուբնիկ» ներմուծելը, ունեցել ենք զինվորի համար բավարար սնունդ, և թող չշահարկեն, թե ծնողներն ինչու էին տանից ծանրոցներ ուղարկում զինվորներին, դա տասնյակներով ձևավորված դեռևս Սովետական Միության տարիներից տրադիցիա է:

-Հիմա էլ է, ի դեպ, շարունակվում:

-Իհարկե, պետք է շարունակվի, նախ բանակում չեն կարող անհատական մոտեցում ցուցաբերել և զինվորին տալ այն սննդամթերքը, որը ինքը շատ է սիրում:

-Այո, բանակը հյուրանոց չէ:

-Բանակը սանատորիա չէ, երբ որ բանակը փորձում են վերածել սանատորիայի, ունենում ենք ա՛յ այսպիսի արդյունք: Երբ զինվորին ասում են, եթե դու սպայից դժգոհություն ունես անմիջապես գրի վարչապետին, դու դրանով բանակը քանդում ես: Խոսքս անպարկեշտ բաների մասին չէ, խոսքս զինվորի հաշվին, այո այդպիսի բաներ էլ են եղել, հարստացող սպայի մասին չէ, խոսքս ընդհանուրին է վերաբերում: Եվ պատասխանը չուշացավ, չէ՞, Մեղրիում մի ամբողջ զորամասով դասալքեցին, այդպիսի բան չէր եղել մեր բանակի պատմության մեջ:

-Ինչո՞ւ եք հեռու գնում, հեղափոխության օրերին հիշեք, խաղաղապահ կորպուսին…

-Իսկ հիմա ասում են, թե ինչ-որ մեկը փախել է, բա ի՞նչ էիք ուզում, երբ որ վարկաբեկում էիք գեներալներին, սպաներին՝ «սերմացու գողացող մկներ»: Եթե մենք «սերմացու գողացող մկներ» էինք, ապա զրահաբաճկոնը 600 ԱՄՆ դոլարով առնողը ի՞նչ է՝ «կռի՞ս» է, ոնց կարել էր վերցնել և երկու տարում փոխել երեք գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պետը ձեզ համար խաղալի՞ք է, որևէ մեկը դրանցից պատկերացնո՞ւմ է, թե ինչ գործառույթներ ունի իրական գլխավոր շտաբի պետը, թե ինչպիսի փորձառություն պետք է ունենա, ինչպե՞ս կարելի էր Պաշտպանության բանակի երեք հրամանատար փոխել, Լևոն Մնացականյանը, որ երկու պատերազմի փորձ ուներ, ինչպե՞ս կարելի էր նրան փոխել միայն այն պատճառով, որ ինքը նախկի՞ն էր, այսինքն՝ պրոֆեսիոնալներին փոխել հարմարվողներո՞վ:

Արդյունքը դա էր, ինը պաշտպանական շրջանի հրամանատարներին փոխել էին, ընդ որում որոշ դեպքերում երկու-երեք անգամ: Բոլոր կենտրոնական ենթակայության զորամասերի կարևոր հրամանատարներին, բացառությամբ մեկի, փոխել էին, որ ի՞նչ, ինչի՞ համար, որ մենք այնտեղ դավադրություն չանեի՞նք, ախր մենք ո՞նց կարող էինք այնտեղ դավադրություն անել, ո՞նց կարող էինք մենք մեր հայրենիքի հանդեպ դավադրություն անել, այդ նրանք են դրան ունակ: Մենք մեր անցած ճանապարհով այդպիսի առիթ երբեք չենք տվել, շատ բամբասանքներ են տարածվել, շատ վարկաբեկիչ նյութեր՝ 99 տոկոսով իրականությանը չհամապատասխանող, հետո՞, սա էր նրանց արածը: Այսպիսի հարվածներ հասցրեցին բանակին ու հետո էլ փորձում են բանակի վրա գցել: Մարտի դաշտում բանակն էր, բայց այդ բանակը այլևս չուներ այն հրամանատարները, որ պետք է ունենար, այդ բանակը այլևս չուներ այն ոգին, որ պետք է ունենար: Այդ բանակը, ցավոք սրտի, մնաց միայնակ, ո՛չ մարդավարի լրահամալրում կազմակերպեցին և ո՛չ էլ… ապշելու բան է, մեր բանակի հայաստանյան հատվածի կեսն էլ չի մասնակցել այդ ռազմական գործողություններից մեկին:

-Կորպուսներից մեկն է ամբողջությամբ մասնակցել:

-Ես տեղյակ եմ, որ տարբեր կորպուսներից էլ են ինչ-որ ստորաբաժանումներ տարել, բայց դա չպետք է լիներ:

-Այսինքն՝ հայաստանյան բանակի մեծամասնությունը փաստացի չի ներգրավվել այս ռազմական գործողություններում:

-Այո, հայկական բանակի մեծամասնությունը փաստացի չի ներգրավվել այս ռազմական գործողություններում: Դուք պատկերացնում էիք՝ մի կողմից ասում էին, թմբկահարում էին, որ Ադրբեջանը ուժեղ է, ավելի մեծաքանակ զորք ունի, իսկ մեր զորքը ամբողջովին չի մասնակցել, տարօրինա՞կ չէ, հիմա պետք է սկսեն հեքիաթներ պատմել, թե այդ զորքը պետք էր Հայաստանի Հանրապետության սահմանները պահելու համար, ՀՀ սահմանները պահելու մի քանի ձևեր կային:

-Միջազգայնորեն երաշխավորված նաև:

-Մի քանի ձևեր կային: Նախ` մենք մեր դաշնակցի հետ ունենք երեք պայմանագիր, համաձայն որոնց՝ իրենք պարտավոր են մասնակցել մեր անվտանգությանը, ուղղակի մեր անվտանգության ապահովմանը:

-ՀԱՊԿ-ը, Միացյալ զորախումբը:

-Ոչ, ուրեմն զուտ երկկողմ` դրան գումարած ՀԱՊԿ: Ընդ որում, երբ քեզ մի ամիս առաջ առաջարկել էին զորավարժությունների տեսքով, որ ՀՀ-ի վրա հարձակում է լինելու և այլն, տայիք այդ առաջարկությունները, նույնիսկ տեսականորեն տայիք, ասեիք մեզ համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը շատ կարևոր է, մենք նրա երաշխավորն ենք, մենք մեր զորքը ամբողջովին տանելու ենք այնտեղ, խնդրում ենք մեր անվտանգությունը ապահովել` ձեր դրոշակները տեղադրելով: Մենք դիմե՞լ ենք մեր դաշնակցին, չենք դիմել, չէ՞, այդ հարցով, բայց ուրիշ տարբերակ էլ կար, ինչու՞ պահեստազորայիններին ուղարկել էիք Ղարաբաղ՝ անկանոն, տարբեր տեղեր, կամավորներին ուղարկել էիք այնտեղ, բա ուղարկեիք ՀՀ սահմաններ, այդ կանոնավոր զորքը տանեինք այնտեղ, ինչո՞ւ չեք արել:

(Visited 43 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх