Ինչո՞վ է վտանգավոր վիտամին D-ի պակասն օրգանիզմում…..

Վիտամին D-ն կարեւոր դեր է կատարում մարդու օրգանիզմում, իսկ դրա պակասը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների։

Վիտամին D-ն, մասնագետի խոսքով, մասնակցում է ամբողջ օրգանիզմի նյութափոխանակման պրոցեսներին, այն կանոնակարգում է կալցիումի ու ֆոսֆորի նման հանքանյութերի յուրացմանը, արյան մեջ դրանց պարունակության մակարդակն ու մուտքը ոսկրային հյուսվածք ու ատամներ։

Նաեւ այն մեծ դեր է կատարում շատ հորմոնների արտադրության պրոցեսում (դրա համար էլ այն կարեւոր է նաեւ մարդու վերարտադրողական համակարգի համար), նյարդային համակարգի աշխատանքի կարգավորման ու քնի համար։

Ավելին՝ մի շարք հետազոտություններ ցույց են տվել այդ վիտամինի զգալի դերը ինսուլտների, ցրված սկլերոզի, Ալցհեյմերի հիվանդության, օսթեոպորոզի, սրտանոթային ու ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման հարցում։

Այդ վիտամինի պակասը, համապատասխանաբար, կարող է ազդել օրգանիզմի բոլոր ֆունկցիաների վրա ու լուրջ հետեւանքներ ունենալ, որոնք կարող են հանգեցնել ոսկորների դեֆորմացիայի, կոտրվածքների, օսթեոմալյացիայի ու օսթեոպորոզի՝ մեծահասակների մոտ ու ռախիտի՝ երեխաների մոտ։ Վիտամին D-ի պակասը կարող է նաեւ կապակցված լինել մի շարք այլ հիվանդությունների զարգացման բարձր հավանականության, նաեւ քնի խանգարումների ու նյարդային համակարգի հետ կապված խնդիրների հետ։

Ինչպե՞ս է դրսեւորվում վիտամին D-ի պակասը

Վիտամին D-ի պակասի ախտանիշները կարող են լինել բարձր քրտնարտադրությունը, նյարդայնացած վիճակը, քնի խանգարումները, հորմոնալ որոշ տեղաշարժեր։

Բժշկական գրականության մեջ նկարագրված են նման ախտանշաններ՝ ախորժակի կորուստ ու քաշի անսպասելի նվազում, տեսողության վատացում, այրոց բերանի մեջ ու կոկորդում, հոդացավեր, մկանային ջղաձգություններ, ընդհանուր թուլություն։

Երեխաների մոտ վիտամինի պակասը կարող է դրսեւորվել ատամների ձեւավորման ուշացումով, ոսկրային դեֆորմացիանորով։

Ինչո՞ւ է առաջանում վիտամին D-ի պակաս

Բոլորս էլ հաստատ լսել ենք այն մասին, որ վիտամին D-ն արտադրվում է մաշկի տակ արի ճառագայթների ազդեցության տակ։ Հայաստանում տարվա ընթացքում արեւային օրերը շատ են, այդ դեպքում ինչո՞ւ է նույնիսկ այստեղ վիտամին D-ի պակասն այդքան տարածված։

Անուշ Գասպարյանը բացատրեց, որ ժամանակակից քաղաքներում աղտոտված օդը խոչընդոտում է ուլտրամանուշակագույնի բավարար քանակության ներթափանցմանը, որպեսզի մաշկի տակ վիտամին D-ի արտադրման մեխանիզմը ճիշտ աշխատի։

Բացի այդ՝ մարդկանց մեծ մասն այսօր ցերեկն անցկացնում է գրասենյակներում ու քիչ է լինում արեւի տակ։ Իսկ այդ վիտամինի բավարար քանակություն ստանալու համար առողջ մարդը, որը չունի դրա պակասը, պետք է արեւի տակ անցկացնի օրական առնվազն 20 րոպե՝ ընդ որում առանց հագուստի։

Նշենք, որ վիտամին D-ն փոքր քանակություններով պարունակվում է նաեւ որոշ մթերքներում՝ այդ թվում հավկիթի դեղնուցում, ձկան յուղոտ տեսակներում, տավարի ու խոզի լյարդում ու կաթնամթերքում։

Վիտամին D-ի ու օրգանիզմում դրա դերի մասին զեկույցով Անուշ Գասպարյանը ելույթ է ունեցել Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի համաժողովի ընթացքում, որը անցել է հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում։

Համաժողովում ոչ միայն գիտական զեկույցներ են ներկայացվել, այլեւ եղել են ոչ ֆորմալ շփումներ տարբեր մասնագիտացումների բժիշկների միջեւ, փորձի փոխանակություն ու վարպետության դասընթացներ, որոնք անցկացրել են անվանի մասնագետները։

(Visited 1 373 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх