Հայաստանի ինտերնետի ադրբեջանցի սեփականատերը…բովանդակությունը՝ «Վրաստանը կորցնում է ամեն ինչ»…..

Վրացական մամուլը մարտի 24-ին գուժեց, որ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնեց «Կավկասուս Օնլայն» (Caucasus Online) ընկերության «մնացորդային» 51 տոկոսանոց մասնաբաժինը:

Այս գործարարը 2020-ին ձեռք էր բերել ընկերության 49 տոկոսը: Նախկինում վրացական ընկերությունն այս պահին ապահովում է Հայաստանի ինտերնետ տրաֆիկի 85 տոկոսը, Ադրբեջանի ինտերնետ տրաֆիկի՝ 50, և Վրաստանի թրաֆիկի՝ 55 տոկոսը: Ընկերությունն ինտերնետային «մուտք» ունի նաև Իրան և Իրաք:

«Կավկասուս Օնլայնի» 2007թ․ սկսված պատմությունն այսօր այսպիսի հանգրվանի հասավ: Ընկերությունը 2007թ․ հիմնել էր Մամիյա Սանագիրաձեն: Վրաց գործարարը 50 մլն դոլար ներդրում էր կատարել, որի շնորհիվ Սև ծովի հատակով ձգվող օպտիկա-մանրաթելային մալուխով ուղիղ կապ էր հաստատվել Եվրոպայի հետ: Նա 1200 կմ երկարություն ունեցող եզակի մալուխի միակ սեփականատերն էր:

Սահակաշվիլու իշխանության տարիներին գործարարը, երկար դիմադրելուց հետո, ի վերջո, հրաժարվեց իր սեփականությունից:

Այն «բութ ուժի» օրենքով անցավ Սահակաշվիլու շրջապատի մի քանի գործարարի:
Ընկերությունը վերագրանցվեց բրիտանական Վիրջինյան կղզու օֆշորում և մինչև անցած տարի անաղմուկ աշխատում էր:

Ու հանկարծ անցած ամռանը վրացական մամուլում սկսեցին այս ընկերության մասին տեղեկություններ հրապարակվել: Վերնագրերը մեկը մեկից սարսուռ էին և ունեին նույն բովանդակությունը՝ «Վրաստանը կորցնում է ամեն ինչ»:

Պատճառն այն էր, որ Անդրկովկասի համացանցին միացնող և Իրան ու Իրաք համացանցային մուտք ապահովող ընկերությունը պատրաստվում էր գնել (և, ի վերջո, գնեց) ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:

Նրա մասին հայտնի էր, որ այդ երկրի նախագահի շրջապատից է, և, որ նավթի արդյունահանմամբ զբաղվող մեծահարուստներից է: Վրաստանում խորհրդարանը ևս սկսեց քննարկել այդ ընկերության ճակատագիրը:

Ի վերջո, օգոստոսին հատուկ հաղորդակցության ոլորտը կարգավորող նոր ու լիովին լրամշակված օրենք ընդունվեց (ըստ վրացական մամուլի, կողմ էր քվեարկել 88 պատգամավոր), որով խորհրդարանը կարողացավ լուծարել ընկերությունը կառավարող և 49 տոկոս մասնաբաժինը վաճառած խորհուրդը և ժամանակավոր կառավարիչ նշանակել:

Հետո դեպքերի ընթացքը դուրս մնաց մեր հետաքրքրությունից: Պատերազմ էր՝ հետագա հայտնի հետևանքներով:

Պարզվում է, այդ ընթացքում դեպքերը Վրաստանում տարօրինակ զարգացում են ապրել: Ինչ-որ պահի Վրաստանի դատարանը չեղյալ է հայտարարել խորհրդարանի օրենքն ու օրենքի ուժով ստեղծված »ժամանակավոր կառավարչին»: Նրա փոխարեն՝ պիտի որ վարչական իշխանությունը փոխանցվեր սեփականատիրոջ ներկայացուցչին:

Այլ կերպ ասած, նոր տեխնոլոգիական ոլորտում կրքերը վերջին երկու-երեք տարում ավելի թունդ են, քան Հայաստանում: Չնայած, հայտնի բան է,

«Թիֆլիսում շուռ եկող ֆայտոնից առաջինը մենք ենք տուժում»: Հետո բանակցություններ են ընթացել վեց հոգուց բաղկացած տնօրենների խորհրդի ու ադրբեջանական նավթային մագնատի հետ: Բանակցությունների մասին այս օրերին վրացական մամուլը նշում է, որ 51 տոկոս մասնաբաժնի վաճառքն իրականացրել է տնօրենների խորհրդի նախագահ Ռևազ Կոպալաձեն:

Նույն վրացական մամուլի տվյալներով՝ Ալիևի մերձավոր գործարար Նասիբ Հասանովն անցած տարի ձեռք է բերել նաև ուկրաինական «Վոդոֆոն» ընկերությունը: Իսկ հիմա նրան վրացական մամուլը համեստորեն անվանում է ադրբեջանցի ներդրող:

Փաստորեն, ներդրումը կայացավ: Եվ, ինչպես միշտ, մեզ հետ առնչվող տեղեկատվությունը մենք վերջինն ենք իմանում: Տեղեկանում ենք ու սպասում հետևանքներին: Որովհետև, ինչպես միշտ, այս հարցում էլ պատասխանատվությունն իր վրա կվերցնի վարչապետը: Կվերցնի, որպեսզի պարտված չզգանք: Անգամ, եթե համացանցին միանալու արագությունն ընկնի, կամ այդ հնարավորությունը չլինի:

(Visited 15 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх