Ադրբեջանը փորձում է վերաշարադրել պատմությունը՝ հայտարարելով, որ ….

Անտեսելով միջազգային մարդասիրական եւ մշակութային կազմակերպությունների, պատմաբանների, հնագետների եւ պետական գործիչների կոչերը՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ապատեղեկատվության իրենց քաղաքականությունը՝ Արցախի դարավոր հայկական կրոնական եւ մշակութային վայրերը ներկայացնելով որպես «հին ուդիական կրոնական ժառանգություն»:

Դրանով Ադրբեջանը փորձում է վերաշարադրել պատմությունը՝ հայկական հուշարձաններն ուդիական հայտարարելով: Այս մասին ասվում է Արցախի Կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի հայտարարության մեջ:

«Ամբողջ աշխարհի հայերը ցնցված էին՝ իմանալով Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու,«Կանաչ ժամ»-ի, ինչպես նաեւ Մեխակավանում Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին, ինչը փաստագրված է BBC-ի կողմից: Պղծումները տեղի են ունեցել ռազմական գործողությունների ավարտից մի քանի ամիս անց:

Վերջերս նախագահ Իլհամ Ալիեւը ալբանական էր հռչակել Հադրութի շրջանի (Ադրբեջանի կողմից օկուպացված) Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ պնդելով, որ հայերը կեղծել են եկեղեցու արձանագրությունները:

Սուրբ Աստվածածին եկեղեցին 17-րդ դարի շենք է, միակ եկեղեցական շենքը, որը պահպանվել է Ծաղկավանք հայկական վանական համալիրից: Այս եղանակով օգտագործելով պատմական ռեւիզիոնիզմը՝ նախագահ Ալիեւը ճանապարհ է մաքրում հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության յուրացման համար:

Ի հեճուկս Ադրբեջանի պնդումների՝ պատմական փաստն այն է, որ Աղվանքը ոչ մի կապ չունի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հետ՝ իր կրոնական եւ մշակութային ժառանգության տեսանկյունից: Աղվանքում գործում էր նշանավոր հայկական մտավոր եւ մշակութային կենտրոն՝ Աղվանի կաթողիկոսարանը: Դրա մասին կան բազմաթիվ պատմական վկայություններ, այդ թվում՝ Պլինիուս Կրտսերի, Պլուտարքոսի, Կորյունի, Փավստոս Բուզանդի եւ այլ վաղ հեղինակների աշխատություններում:

Ադրբեջանական բռնազավթված տարածքներում հայկական եկեղեցին դեռ ունի դարավոր խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ եւ վանքեր, որոնք ծառայում են որպես լուռ վկա տարածաշրջանից հայ բնակչության տեղահանման եւ արտաքսման: Այս սրբավայրերը հայ ժողովրդի աղոթքների կարիքն ունեն:

Վճռականորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը՝ մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում միջազգային հանրությանը դադարեցնել Արցախի կրոնական եւ մշակութային վայրերի ոչնչացումը, որոնք մեր համաշխարհային մշակութային ժառանգության մասն են կազմում»:

(Visited 24 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх