Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց և թե ինչ արդյունքի կհասնի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, ցույց կտան սպասվող ընտրությունների արդյունքները․․․

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ամենից աղմկահարույց՝ սահմանադրական կարգի տապալման, կամ այսպես ասած՝ «Մարտի 1-ի» գործը այսօր՝ 2021թ. ապրիլի 6-ին փլուզվեց. ՀՀ առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական եւ անվավեր ճանաչելու վերաբերյալ, դադարեցրեց քրեական հետապնդումն այդ հոդվածով մեղադրվող 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, արդարացրեց նրանց եւ գործի վարույթը կարճեց։

Սրանով, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի եռամյա իշխանության նոր փուլ սկսվեց. Փաշինյանն իր 2018թվականի նախընտրական քարոզչությունը գրեթե ամբողջությամբ կառուցել էր «Մարտի 1-ի» գործով հիմնական մեղադրյալների, մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ատելության գեներացման, նրան «Մարտի 1-ի» գլխավոր պատասխանատու կարգելու եւ պատասխանատվության ենթարկելու խոստումների վրա։

Ավելին, այս տարիների ընթացքում իր կառավարության բոլոր մեծ բացթողումների բացասական հասարակական արձագանքը չեզոքացնելու համար Փաշինյանն ամեն անգամ խաղարկել է «Մարտի 1-ի» գործի խաղաքարտը եւ շահարկել այն։ Իսկ բոլորովին վերջերս Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, որ «Մարտի 1-ի» գործով սպանությունների ֆոնը բացահայտված է։

Անցած երեք տարիների ընթացքում, Ռոբերտ Քոչարյանը շուրջ 500 օր անցկացրեց ազատազրկման մեջ. իր փաստաբանները բազմաթիվ անգամ դատարանին միջնորդում էին, փոխել իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, հաշվի առնելով, որ Քոչարյանը քրեական գործից թաքնվելու նպատակ չունի, ինչն ապացուցել է քրեական գործի հարուցումից հետո արտերկրից Հայաստան վերադառնալով եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալով։

Այս ընթացքում, երկրորդ նախագահի խափանման միջոց՝ կալանքը փոխելու համար երաշխավորագիր են ներկայացրել Արցախի այն ժամանակվա գործող նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը բավարարվել էր, սակայն կարճ ժամանակ անց, վերաքննիչ դատարանի վրա ահռելի ճնշումներից հետո, կրկին վերադարձվել էր կալանքի։

Տարբեր ատյանների դատարաններ մերժում էին փաստաբանների բազմաթիվ միջնորդություններ, փոփոխելու խափանման միջոցը, ազատ արձակել գրավով, երաշխավորագրերով, այդ ամենը փաստարկելով և հիմնավորելով, սակայն մեծամասամբ այդ միջնորդությունները մերժվում էին։ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում 3 անգամ տարբեր ատյանի դատարանների որոշմամբ ազատ է արձակվել, ու չնայած նրա որ չէր խախտում կանոնակարգերն, դատախազներն կրկին կալանավորելու միջնորդություններ էին ներկայացնում և արդեն այլ դատավորներ բավարարում էին։

Քոչարյանին «նստեցնելու» մոլուցքով, Հայաստանի հեղափոխական իշխանությունները, մասնավորապես վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ դիմել են օրենքի կոպտագույն խախտումների, որոնք արժանացել են հանրության, մասնագիտական, հասարակական և քաղաքական շրջանակների կողմից խիստ քննադատության, սակայն ապարդյուն՝ իշխանությունները ամեն բան անում էին իրենց նպատակին հասնելու համար։ 2018 թվականի սեպտեմբերին համացանցում հայտնվեց այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում հստակ երեւում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նույն գործով մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումը պատվեր է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ որ խնդիր է դրված նրանց ամեն գնով կալանավորելու։

Երբ երկրորդ անգամ նախագահ Քոչարյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, Փաշինյանը, լինելով երկրի վարչապետ, կազմակերպեց դատարանների շրջափակում, Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսեցին հետապնդումներ, հրապարակային սպառնալիքներ էին հնչում դատավորի հասցեին, անգամ պաշտոնատար անձանց կողմից։ Պաշտպանական խումբը և Քոչարյանին ազատ արձակած դատավորը, ի սկզբանէ խնդիր տեսան քրեական գործի հիմքում դրված օրենքի սահմանադրականության առումով, և դիմեցին Սահմանադրական դատարան, վարչապետ Փաշինյանը ձեռնարկեց Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության մի քանի անհաջող փորձ, նախաձեռնեց բյուջեի համար ծախսատար սահմանադրական հանրաքվե անցկացնել և Սահմանադրության հոդված փոխելու ճանապարհով, որը սակայն ընդհատվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ի վերջո, շրջանցելով օրենսդրության մի քանի պահանջներ՝ Փաշինյանը Հրայր Թովմասյանին հեռացրեց ՍԴ նախագահի պաշտոնից եւ բարձր դատարան մտցրեց իր համար ցանկալի մի քանի դատավորների։

Այս ամբողջ գործընթացի ժամանակ բազմաթիվ հասրակական և քաղաքական գործիչներ, տեղի և արտերկրի իրավաբաններ, իրավապաշտպաններ ահազանգել են, որ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը ակնհայտ քաղաքական է, եւ ՍԴ կազմը փոխելու միակ նպատակն իշխանությունների համար ցանկալի որոշումներ ստանալն է, և հատկապես այդ գործով։ Բայց նույնիսկ իր համար ցանկալի ՍԴ կազմով Փաշինյանը չկարողացավ որոշման իր համար ցանկալի ելք ապահովել, ըստ երևույթի, այն պատճառով որ ՍԴ նորացված կազմն, անգամ, պատրաստ չէր, Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ կարծիքներին հակառակ որոշում տալ, միայն այն բանի համար որովհետև վարչապետ Փաշինյանն է այդպես ուզում: Այս երեք տարիների ընթացքում Հայաստանը բազմաթիվ փորձությունների միջով անցավ, ընդհուպ խայտառակ պարտության և հազարավոր զոհերով պատերազմ, ու այս ամենի զուգահեռ հիմնական քաղաքական հակառակորդ էր իշխանությունը դիտարկում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր, կատաղի պայքար մղելով և նպատակ ունենալով ցանկացած ճանապարհով Քոչարյանին չեզոքացնելու քաղաքական դաշտից, հակառակը ստացավ՝ երկրորդ նախագահը դարձավ այս իշխանության համար մեկ հակառակորդը: Նա առաջինն էր որ հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցել անձամբ և հրապարակավ վստահություն հայտնեց, որ հաղթելու է։ Այդտեսակ վստահություն Քոչարյանը հայտնել էր դեռ առաջին կալանքի որոշմանը սպասելուց, երբ հայտարարեց որ չի խուսափելու նախաքննության մարմինների հետ պայքարից և եթե պետք է, պատրաստ է կալանքի, բայց կպայքարի, կհաղթի և կապացուցի որ անմեղ է:

Թե ինչ արդյունքի կհասնի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, ցույց կտան սպասվող ընտրությունների արդյունքները, սակայն կարելի է փաստել որ Քոչարյանի և իր թիմի առաջին խոշոր հաղթանակը արդեն իրողություն է՝ նա արդարացվել է:

(Visited 19 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх