Ես չգիտեմ՝ հիմա գուցե իշխանությանն ատկատ այլևս չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու…Նիկոլ Փաշինյան

Մեկ տարի առաջ երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ չի վերացվելու պետական գնումների ժամանակ պահանջվող 100 տոկոսանոց երաշխիքի ինստիտուտը։ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին պատասխանելիս՝ ինչ մեղադրանք ասես, որ չհնչեցրեց Փաշինյանը։

«Այդ երաշխիքի ինստիտուտի մասին պարզ ասել եմ՝ չի վերացվելու: Նրանք, ովքեր ուզում են վերացվի, նրանք լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի: Ես չգիտեմ՝ հիմա գուցե իշխանությանն ատկատ այլևս չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու, ուզում եք դրա մասին հազար անգամ հարցրեք»,- Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորին հանդիմանում էր Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունից գրեթե մեկ տարի հետո կառավարությունը որոշեց վերանայել բանկային երաշխիքին ներկայացվող պահանջները։ Պահանջներ, որոնք ներդրվել էին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։

Դեռևս 2019թ. աշնանը կառավարությունը փոփոխություն կատարեց պետական գնումներին մասնակցելու կարգում։ Իբր թե մրցույթներում նախատեսված աշխատանքները պատշաճ կատարելու և պետությանը հասցվող հնարավոր վնասները զրոյացնելու համար, 10 մլն դրամից ավելի գնումների համար որոշվեց կիրառել պայմանագրի գումարին համարժեք բանկային երաշխիքի պահանջ։

Թե սա ինչ էր նշանակում գնումների մասնակիցների համար, պարզ էր ի սկզբանե։ Առանց այդ էլ շատերը շրջանառու միջոցների լուրջ կարիք ունեին, հիմա ստիպված էին հսկայական գումարներ սառեցնել բանկերում կամ բանկային 100 տոկոսանոց երաշխիքներ բերել։

Պարզ ասած, եթե մասնակիցը 100 մլն դրամանոց մրցույթի էր մասնակցում, պետք է 100 միլիոն սառեցներ բանկում կամ բանկից 100 միլիոնի երաշխիք ներկայացներ։

Այս նախաձեռնությունը լրացուցիչ, այն էլ ծանր բեռ էր տնտեսվարողների վրա։ Ոչինչ չէր խանգարում, որպեսզի բանկային երաշխիքը լիներ ոչ թե 100, այլ, ենթադրենք՝ 50 տոկոսի չափով։ Դրանից բյուջեի վնասները ո՛չ ավելանալու էին, և ո՛չ էլ պակասելու էին։

Փոխարենը՝ հնարավորություն կստեղծվեր ավելի շատ տնտեսվարողների ներգրավել կառավարության կողմից իրականացվող մրցույթներում և հատկապես շինարարական աշխատանքներում։ Պատահական չէ, որ այս չտրամաբանված նախաձեռնության հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ հարկադրված էին հրաժարվել պետական գնումներին մասնակցելուց։

Արդյունքում՝ տուժում էր ինչպես պետությունը, այնպես էլ՝ տնտեսությունը։ Չէր հաջողվում ժամանակին կազմակերպել պետական գնումները։ Մրցույթները չէին կայանում՝ մասնակիցներ չլինելու պատճառով։ Հետ էին մնում բյուջեի ծախսերը։

Այն, որ այդքան խոսվում էր կապիտալ ծախսերի թերակատարումների մասին՝ նաև այդ չարդարացված որոշման հետևանք էր։

Բայց կառավարությունը երկար ժամանակ համառում էր և չէր ցանկանում ընդառաջ գնալ տնտեսավարողներին ու վերանայել երաշխիքի ինստիտուտին ներկայացվող պահանջները։ Այդ գործելաոճը շարունակվեց այնքան ժամանակ՝ մինչև դանակը չհասավ ոսկորին։

Ի վերջո, կառավարությունը տեղի տվեց և որոշեց հրաժարվել նախկին արատավոր մոտեցումից։ Թուլացվեցին բանկային երաշխիքին ներկայացվող պահանջները։

Մասնավորապես՝ եթե նախկինում երաշխիք չէր պահանջվում մինչև 10 մլն դրամ արժողությամբ պետական գնումների պարագայում, հիմա այդ շեմը դարձավ 25 մլն դրամ։ Մինչև 25 մլն դրամ գնումների համար, որպես երաշխիքի ինստիտուտ, սահմանվեց տուգանքը, որը գործում էր նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության 2019թ. նախաձեռնած «բարեփոխումից« առաջ, և նորմալ գործում էր։ Բայց որպեսզի ցույց տան, որ իրենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ են, որոշեցին գնալ այդ ճանապարհով։

Կառավարության վերջին որոշմամբ վերանայվեցին նաև խոշոր գնումներին վերաբերող սահմանափակումները։ Նախկին 100 տոկոսի փոխարեն՝ 25-70 մլն դրամ գնումների դեպքում, բանկային երաշխիքն իջեցվեց՝ մինչև 15, իսկ 70 մլն դրամից ավելի գնումների դեպքում՝ 30 տոկոս։

Միջազգային վարկանշում ունեցող կազմակերպություններն ընդհանրապես ազատվեցին բանկային երաշխիքի ներկայացման պահանջից։

Այս փոփոխություններից հետո՝ կառավարության ներկայացուցիչներն ու իրենց սատելիտները, ինչպես ժամանակին ջանասիրությամբ հիմնավորում էին 100 տոկոսանոց բանկային երաշխիքի ինստիտուտի ներդրման կարևորությունն ու անհրաժեշտությունը, հիմա էլ սկսեցին նույնպիսի ջանասիրությամբ հակառակը հիմնավորել՝ կարծես ժամանակին իրենք չէին այն ներդրել ու 2 տարի շարունակ խոչընդոտել գնումների պատշաճ կազմակերպմանը։

Իսկ ատկատների մասին բոլորը միահամուռ մոռացան, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Նա ոչ միայն չհիշեց, թե ինչ էր ասում երաշխիքի ու ատկատների կապի մասին, այլև փորձեց հիմա էլ հետդարձ փոփոխությունը հիմնավորել՝ «Համոզված ենք, որ այս որոշումը տնտեսական էական աշխուժություն կբերի»։

Այնինչ՝ ժամանակին, երբ այդ մասին ասում էին, նա լսել անգամ չէր ուզում, ափերից դուրս էր գալիս, մեղադրում էր մարդկանց՝ ատկատները հովանավորելու ու փայ մտնելու մեջ։

Հետաքրքիր է, հիմա, երբ 100 տոկոսանոց երաշխիքի ինստիտուտը վերանում է, այլևս պետական գնումներում ատկատների ու կոռուպցիայի վտանգ չկա՞, թե՞ դա արդեն պետք է իշխանություններին։

Ինչքա՞ն պիտի շարունակվի այս գործելաոճը. որոշ մարդկանց պնդաճակատության ու անգրագիտության հետևանքով ստեղծում ենք արհեստական խոչընդոտներ և հետո համառորեն փորձում հաղթահարել։

Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այն վնասների համար, որոնք կրում ենք այդ ամենի հետևանքով։ Ինչո՞ւ ներդրեցինք 100 տոկոսանոց երաշխիքի ինստիտուտը, երբ ի սկզբանե էլ պարզ էր, որ այն խնդիրներ է առաջացնելու։ Թե՞ ինչ խելքներին փչի, կարելի է անել ու մնալ անպատիժ։

(Visited 22 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх