Լյարդի բարեկամները և թշնամիները

Լյարդի կարևորության և «համբերատարության» մասին գրվել է «168 Ժամի» նախորդ համարներում։ Այս օրգանն ունի չորս արտահայտված թշնամիներ.

վիրուսներ և բակտերիաներ` հատկապես հեպատիտ,

տարբեր տեսակի որդեր,

զանազան տեսակի թունավոր մթերքներ, գազեր և այլն,

ոչ բարենպաստ սննդակարգ։

Հեպատիտից պաշտպանվելու միակ միջոցը պատվաստումն է։

Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա կարևոր է իմանալ, որ լյարդը շատ է սիրում տաք, ջրիկ ճաշեր։

Մեծ վնաս կարող են պատճառել թերխաշ մսում և տնական խոզի ճարպից պատրաստված «սալի» մեջ գտնվող որդի ձվերը, որոնք սիրում են բնակվել մարդու լյարդում։

Լյարդը և ալկոհոլը

Բժիշկները խորհուրդ են տալիս` ալկոհոլ օգտագործելու դեպքում խմել միայն որակյալ գինի, օղի, կոնյակ և այլն, չխմել բարձր ջերմության դեպքում և «սոված» փորին։ Կարևոր է իմանալ, որ ալկոհոլի կանոնավոր օգտագործումը միանշանակ քայքայում է լյարդի բջիջները։ Օրինակ Ֆրանսիայում և Իսպանիայում, ուր գինին միշտ դրված է սեղանի վրա, մեծ թիվ են կազմում լյարդի հիվանդություններ ունեցող մարդիկ։

Սննդակարգի մասին

Մշակված են լյարդի առողջությունը պահպանող բազմաթիվ սննդակարգեր, սակայն, եթե ձեր լյարդը գործնականում առողջ է, ապա բավարար է, որ հետևեք հետևյալ մի քանի խորհուրդներին.

Շաբաթական 1-2 օր մի սնվեք մսեղենով և ձվով։

Ամեն օր կերեք կաթնաշոռ և մածուն, որոնք տրոհում են լյարդի վրա կուտակվող ճարպերը։

Լյարդի ճարպակալումը կանխարգելող մթերքների թվին են պատկանում լոլիկը և դրանից ստացվող հյութը։

Լոլիկում պարունակվող օգտակար նյութերը կարգավորում են լյարդում գտնվող խոլեստերինի հավասարակշռությունը` շեղում են այն դեպի «լավ» խոլեստերինի կողմը։

Ավելորդ քաշը` գիրությունը և ճարպակալումը

Ծանրաբեռնում են լյարդը, քանի որ այս օրգանը տրոհում է ավելորդ ճարպերը։

Մի կերեք երեկոյան ժամերին և գիշերը` ժամը 23-ից մինչև 2-ը, լյարդը մաքրում է օրգանիզմը օրվա ընթացքում կուտակված նյութերից։

Լյարդի բնականոն աշխատանքին նպաստող մթերքներից են գազարը, քաղցր պղպեղը, նարինջը, մանդարինը, կիվին։

Քաղցր մթերքներից լյարդը նախընտրում է մեղրը. կերեք օրը 1 ճ/գ։

Վերոգրյալ մթերքները մեծապես նպաստում են լյարդի առողջությանը։

Մի քանի պարզագույն ֆիզիկական վարժություններ

Ցատկեք տեղում. Կատարեք ձեր ուժերի սահմաններում` 10-100 անգամ։

Որովայնի մկաններն ամրացնող` ընդունեք հորիզոնական դիրք, կտրեք ոտքերը գետնից և առանց ծալելու
բարձրացրեք դեպի վեր` որքան որ կարող եք, ընդամենը 30-50 անգամ։

Այս հասարակ վարժությունները լավացնում են արյան շրջանառությունը լյարդում։

Դեղատոմսեր

Խառնեք մեղր և լոռամրգի (1։1)։ Կերեք 2-ական ճ/գ` նախաճաշից առաջ և երեկոյան` թեյի հետ։
Մանրացրեք խատուտիկի ծաղիկները, լցրեք 3 լիտրանոց ապակյա տարայի մեջ (3-4 սմ հաստության շերտով), ավելացրեք 600 գ շաքարավազ, վրայից դրեք մաքուր ստվարաթուղթ, և մոտ 1 կգ զանգված ունեցող որևէ իր։ Մեկ-երկու շաբաթ թրմեք մութ տեղում։ Կերեք օրը 1-2 թ/գ։

Այս դեղատոմսը կարող է ոմանց մոտ զարմանք առաջացնել. 1 ճ/գ թթվասերի մեջ լուծեք 1 կաթիլ կեչու բժշկական կուպր։ Կերեք այդ չափաբաժինը` օրը 1 անգամ։ Հաջորդ 9 օրերին ավելացրեք 1-ական կաթիլ, իսկ 11-րդ օրից պակասեցրեք 1-ական կաթիլով։ Կուպրը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա։
Տյուբաժ սորբիտով։ Մասուրի պտուղները փաթաթեք լաթի մեջ, մանրացրեք գրտնակով կամ մուրճիկով։ 2 ճ/գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ և եփեք ևս 2-3 րոպե, լցրեք ջերմապահի մեջ, 8-10 ժամ թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիֆով։ 200 մլ թուրմի մեջ լուծեք 2 ճ/գ սորբիտ, խմեք նախաճաշից առաջ, կատարեք ֆիզիկական վարժություններ (5-10 րոպե), 20 րոպե անց խմեք թուրմի մնացորդը, 20-25 րոպե քայլեք։

Նախաճաշեք եփած բանջարեղենով և տոստերում չորացրած հացով։ Կատարեք 3 անգամ` 2-ական օր ընդմիջումներով։ Տյուբաժ կատարելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ տյուբաժից առաջ հարկավոր է կատարել հոգնաներ։ Տյուբաժումը կատարելուց հետո 1 ամիս չի կարելի օգտագործել ոգելից խմիչքներ։

Զգուշացում. Լեղաքարային հիվանդության դեպքում լյարդի մաքրման գործողություն կատարել չի կարելի։

Լյարդի ճարպակալումը կանխարգելող. Մանրացրեք և խառնեք չամանի 1 թ/գ սերմը ու կես թ/գ դաղձի տերևը, 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք փոքր կումերով, յուղալի ճաշատեսակներ ուտելուց 1 ժամ առաջ։

Դեղնախտ` լեղու հեռացման գործընթացի անբավարարություն. Անմեռուկ ավազուտայինի ծաղկաբույլերի 3 ճ/գ լցրեք 200 մլ եռջրի մեջ, 3-5 րոպե եռացրեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Լյարդի քրոնիկ հիվանդություններ. Խառնեք 2-ական ճ/գ երիցուկի ծաղիկ և խատուտիկի արմատ, 3-ական ճ/գ անմեռուկի ծաղիկ և սրոհունդի խոտ, 5-ական ճ/գ ապուզանի և կեչու տերև։ 1 ճ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 3-5 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Խառնեք անմեռուկ ավազուտի ծաղիկ, խնկեղեգի արմատ, սրոհունդի խոտ (1։1։1)։ 2 ճ/գ հումքը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Լյարդում գոյացող խոլեստերինի քանակը նվազեցնող. Մանրացրեք խատուտիկի արմատը, 1 ճ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 7-10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։

Թունավորում, ցավի զգացում լյարդի շրջանում։ Մանրացրեք, փոշիացրեք խատուտիկի արմատը։ Խմեք կեսական թ/գ` օրը 4-5 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ, ջրի հետ։

Լյարդի աշխատանքը կարգավորող. Եղինջ երկտունի 4 ճ/գ տերևը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, գոլ վիճակում` կես թ/գ մեղրի հետ։

Սուր հեպատիտ. Մեր հայրենիքի բնական պայմաններում ծովի մակերևույթից մինչև 2400 մ բարձրությունների վրա աճում է կեչի ելունդավորը (Betula verrucosa), որի տերևի թուրմն օգտակար է լյարդին (տե՛ս Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը»)։

20 գ մանրացրած հումքը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, տաք տեղում (փաթաթեք լաթով), քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Կատարեք 10 օր, կրկնեք 10 օրից։

Խոլեցիստիտ. Կեչի ելունդավորի 1 ճ/գ տերևը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք, լուծեք 1 գ կերակրի սոդա։ Խմեք 70-ական մլ` օրը 4-5 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Սուր հեպատիտ` բուժման և ապաքինման շրջան. խառնեք 5 ճ/գ սրոհունդի խոտ, 4-ական ճ/գ մասուրի խոտ և եղինջ երկտունի տերև, 3-ական ճ/գ դաղձի տերև և մատուտակի արմատ։ 2 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Կատարեք 14 օր, կրկնեք 10 օրից։

Քրոնիկ հեպատիտ. Մանրացրեք մասուրի պտուղը, 2 ճ/գ հումքը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 1-2 րոպե եփեք, լցրեք ջերմապահի մեջ, 12 ժամ թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Մասուրը լյարդի լավագույն բարեկամներից մեկն է` արտադրվում է «Խոլոսաս» կոչվող մասուրի օշարակ.

Խմեք 1-ական թ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ` լյարդի և լեղապարկի (խոլեցիստիտ) հիվանդությունների դեպքում։

(Visited 936 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх