Կոկորդի քաղցկեղի մասին հուշող ախտանշաններ, որոնք հաճախ վերագրվում են հարբուխին

Կոկորդի քաղցկեղը, ինչպես և քաղցկեղի ցանկացած այլ տեսակ, շատ վտանգավոր է և ժամանակին չհայտնաբերելու ու միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է մահվան ելք ունենալ։ Մասնագետների խոսքով՝ այս հիվանդությունը զարգանում է, երբ կոկորդի հյուսվածքներում գենետիկական մուտացիաներ են տեղի ունենում, սակայն առ այսօր պարզ չէ՝ ինչը կարող է դառնալ նման մուտացիաների պատճառ։ Սա այն հիվանդություններից է, որի բուժման արդյունավետությունը կախված է վաղ ախտորոշումից, ուստի դրա զարգացման մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, սակայն խնդիրն այն է, որ կոկորդի քաղցկեղը հաճախ հայտնաբերվում է չափազանց ուշ, ինչը պայմանավորված է նրանով, որ հիվանդության մասին նախազգուշացնող ախտանշանները հաճախ են վերագրվում այլ խնդիրներին։

Ամերիկայի քաղցկեղի բուժման կենտրոնների (Cancer Treatment Centers of America) բժիշկները ներկայացրել են կոկորդի քաղցկեղի մասին նախազգուշացնող այն ախտանշանները, որոնց մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում՝ վերագրելով դրանք հարբուխին։ Մասնագետների խոսքով՝ այս հիվանդությունը կարող է ուղեկցվել կոկորդի ցավով, ձայնի խռպոտությամբ ու մի շարք այլ ախտանշաններով, որոնք բնորոշ են մրսածությանը, ինչի հետևանքով էլ այն հաճախ հայտնաբերվում է միայն զարգացման ուշ փուլերում։

Բացի այդ, քաղցկեղի այս տեսակը կարող է դրսևորվել նաև մի շարք այլ ախտանշաններով որոնք նույնպես չի կարելի անտեսել։ Դրանց շարքին կարող են դասվել այնպիսի փոփոփությունները, ինչպիսին են.

կլման դժվարացումն ու բերանի խոռոչում կամ կոկորդում գնդիկի առկայության զգացողությունը,
ձայնի աննշան փոփոխությունները,
ականջի կամ ծնոտի ցավը, ինչպես նաև արտասովոր արյունահոսությունը բերանից,
քաշի անբացատրելի կորուստն ու դժվարացած շնչառությունը։
Ինչպես նշում են բժիշկները՝ կոկորդի քաղցկեղի ախտանշանները հիվանդության զարգացման վաղ փուլերում կարող են վառ դրսևորում չունենալ, ինչի պատճառով էլ հաճախ այն հայտնաբերում են ատամնաբույժները կամ որևէ այլ խնդրի բուժմամբ զբաղվող մասնագետները։ Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել և ցանկացած կասկածի դեպքում դիմել բժշկին։

Նման վտանգավոր հիվանդության զարգացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել կենսակերպը։ Գոյություն չունեն միջոցներ, որոնք թույլ կտան լիովին խուսափել այս հիվանդության զարգացումից, սակայն կան այնպիսինները, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել այդ հավանականությունը։

Առաջին հերթին խորհուրդ է տրվում հրաժարվել ծխախոտից, քանի որ այս վատ սովորությունը զգալիորեն բարձրացնում է կոկորդի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Բացի այդ, խորհուրդ է տրվում նաև հրաժարվել ալկոհոլային ըմպելիքներից ու բալանսավորել սննդակարգը, քանի որ առողջ սննդակարգն ու վնասակար սովորությունների բացառումը հիվանդության կանխարգելման լավագույն միջոցներն են։

Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում կոկորդի քաղցկեղով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։

Վերոնշյալ ախտանշաններիի առկայության դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

(Visited 42 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх