Հղիության ընթացքում հակադեպրեսանտների ընդունումը բարձրացնում է գեստացիոն դիաբետի զարգացման հավանականությունը. գիտնականներ

Հղիության ընթացքում հակադեպրեսանտների գործածությունը բարձրացնում է գեստացիոն դիաբետի զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնել են Մոնրեալի Սենթ-Ժյուստին համալսարանի հոսպիտալական կենտրոնի գիտնականները՝ նշելով, որ գեստացիոն դիաբետի վտանգն ավելի մեծ է դեպրեսիվ ու տագնապային խանգարումների բուժման համար կիրառվող վենլաֆաքսին ու ամիտրիպտիլին ընդունող հղիների մոտ։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open պարբերականում։

Գեստացիոն դիաբետը շաքարային դիաբետի այն տեսակն է, որն առաջին անգամ ախտորոշվում է հղիության ընթացքում և բնորոշվում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձր մակարդակով, որը կարող է վտանգել ինչպես մոր, այնպես էլ պտղի առողջությունը։ Այս հիվանդության դեպքում կանայք հաճախ են բախվում երկարատև ծննդաբերության խնդրին, իսկ երեխաները հաճախ են ծնվում ավելորդ քաշով։

Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնների տվյալներով՝ գեստացիոն դիաբետն ախտորոշվում է հղիների 2-10 տոկոսի մոտ։ Հղիությունից հետո հաճախ շաքարի մակարդակը կարգավորվում է, սակայն կանանց 50 տոկոսի մոտ զարգանում է երկրորդ տիպի շաքարային դիաբետ։

Ինչ վերաբերում է հակադեպրեսանտների ազդեցությանը, ապա գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող են ազդել գլյուկոզայի փոխանակության վրա՝ նվազեցնելով ենթաստամոքսային գեղձում ինսուլինի արտադրությունն ու բարձրացնելով դրա նկատմամբ կայունությունը։ Բանն այն է, որ սերոտոնինը, որը հակադեպրեսանտների մեծ մասի թիրախն է, շատ կարևոր դեր է կատարում գլյուկոզայի փոխանակության հարցում։Ավելին՝ այս դեղորդայքն ընդունող կանանց մոտ հաճախ է նկատվում քաշի ավելացում, ինչն էլ շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող ամենատարածված գործոններից մեկն է։

(Visited 13 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх