Գիտնականները պարզել են, որ որոշ դեղամիջոցների բուժիչ հատկությունները թուլանում կամ ուժեղանում են օրվա որոշակի ժամերին: Ինչպես գրում է Daily Mail-ը, սա առաջին հերթին կապված է մարդու կենսաբանական ռիթմերի հետ:
Ուորվիքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնական, քրոնոթերապիայի մասնագետ Ռոբերտ Դելմանի խոսքով՝ մարդու կենսաբանական ժամերը կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող բոլոր գործընթացներն ու օրգանների աշխատանքները: Հենց կենսաբանական ժամերն են «որոշում», թե երբ պետք է մարդը հանգստանա, իսկ երբ կատարի որևէ ակտիվ աշխատանքը, և հենց այս ժամերից է կախված դեղամիջոցների օգտակար կամ վնասակար լինելը:
Մասնագետը շեշտում է, որ զարկերակային ճնշումը նվազեցնող դեղամիջոցները հարկավոր է ընդունել երեկոյան քնելուց առաջ և ոչ մի դեպքում չընդունել դրանք արթնանալուց հետո: Բանն այն է, որ առավոտյան զարկերակային ճնշումը, որպես կանոն, բարձրանում է, սակայն երեկոյան ընդունած դեղամիջոցը կօգնի խուսափել այս խնդրից: Ընդ որում՝ այս կերպ կարելի է ոչ միայն վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումը, այլև նվազեցնել սրտի նոպայի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը, որոնք առավել հաճախ տեղի են ունենում առավոտյան ժամերին (06:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում):
Բացի այդ, խորհուրդ չի տրվում առավոտյան ընդունել նաև ցավազրկող դեղամիջողներ, ինչպիսին է պարացետամոլը, քանի որ առավոտյան այս դեղամիջոցի տոքսիկ ազդեցությունը միայն ուժեղանում է: Բանն այն է, որ լյարդում էնզիմների մակարդակն առավել բարձր է լինում առավոտյան ժամերին, իսկ պարացետամոլը նպաստում է այդ մակարդակի էլ ավելի բարձրացմանը, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: