Առաջին կանգառից նստեցի Երևանից դուրս գնացող երթուղային… մի երիտասարդ դիմացի նստարանին կասկածելի տոպրակ դրեց և վազելով հեռացավ…

Պիտի գնայի կողքի քաղաք՝ ընկերուհուս տուն: Կայարանում առաջին կանգառից նստեցի երթուղային, ինչպես հասկացա, վարորդը սպասում էր, որ բոլոր նստարանները զբաղեցնեն և միայն այդ ժամանակ շարժվի: Հանկարծ մի երիտասարդ մոտեցավ, դիմացի նստարանին դրեց իր սև տոպրակը և վազելով գնաց մի կողմ՝ ընթացքում գոռալով.

—Վարպետ ջան, հեսա կգամ, չգնաս:

2 րոպե լուռ էր, սակայն հետևի նստարանին միջին տարիքի մի կին գոռաց.

—Իսկ եթե նա ական է դրել և հիմա էլ փախավ: Ընկերուհի, նայեք, թե ինչ կա մեջը:

Ես էլ զարմացած հարցրեցի, թե ինչու՞ ես պայթեմ առաջինը, եթե իսկապես ական կա:

Այդ կինը չծուլացավ, մոտեցավ, ձեռքը ձգեց դեպի դիմացի նստարանը և կլորացած աչքերով նայեց ուղևորներին և վարորդին.

—Հաստատ ական է, պինդ է և ծանր…փախնենք, փրկվենք…-և առաջինը դուրս թռավ երթուղայինից:

Թե ինչ սկսվեց այդ պահին, անհնար է նկարագրել: Իսկական քաոս էր: Մարդիկ իրար հերթ չտալով փորձում էին իջնել, բրդբրդում էին միմյանց, գոռում… 30 վարկյան անց երթուղայինում մարդ չմնաց: Վարորդն էլ արդեն պատրաստվում էր ոստիկանություն զանգել, երբ տեսանք, որ հեռվից վազելով գալիս է «ահաբեկիչ» երիտասարդը, իսկ ձեռքում էլ… շաուրմա էր բռնած:

Զարմացած նայեց մեզ, իսկ հետո էլ ամաչելով ժպտաց.

—Բոլորդ ինձ էիք սպասու՞մ… շնորհակալ եմ: Վարպետ, շու՞տ ես շարժվելու:

(Visited 47 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх