Մասնագետը նշել է քնի այն դիրքը, որը բարձրացնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը

Մեջքի վրա պառկած քնելը կարող է բարձրացնել գլխուղեղի կաթվածի հավանականությունը։ Այս մասին medikforum.ru-ի հետ զրույցում ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալզոնը՝ շեշտելով, որ այս դիրքով քնելու դեպքում կաթվածի վտանգն առավել բարձր է լինում այն մարդկանց մոտ, որոնք գանգատվում են խռմփոցից։

«Շնչառության խանգարումը կապված է մեջքի վրա պառկած դիրքով հանգստի հետ», — նախազգուշացրել է կենսաբանը՝ շեշտելով, որ խռմփոցի դեպքում նման քունը խիստ վնասակար է և կարող է հանգեցնել գլխուղեղի կաթվածի։

Կովալզոնի խոսքով՝ կողքի վրա պառկած քնելը որոշ չափով պաշտպանում է խռմփոցից, սակայն այնուամենայնիվ քնի օբստրուկտիվ ապնոէով պայմանավորված խռմփոցի դեպքում քնի դիրքի փոփոխությունը խնդրի վերջնական լուծում չի հանդիսանում, քանի որ մարդը խռմփոցից չի ազատվում, իսկ գլխուղեղը շարունակում է բավարար քանակությամբ թթվածին չստանալ։ Մասնագետը վստահեցնում է, որ բարձր խռմփոցով ու շնչառության կարճատև դադարներով ուղեկցվող ապնոէն, որը խանգարում է գլխուղեղին թթվածնի մատակարարումը, ենթադրում է լուրջ բուժում բժշկի վերահսկողության տակ։

Անդրադառնալով նման վտանգավոր խնդրի հավանականությունն ինքնուրույն հայտնաբերելու մեթոդներին՝ մասնագետն ընդգծել է, որ խռմփոցի մասին տեղյակ պահող որևէ մեկի բացակայության դեպքում մարդը պետք է ուշադրություն դարձնի ընդհանուր ինքնազգացողությանը, քանի որ այս խնդիրն ուղեկցվում է նաև որոշ կողմնակի բարդություններով։ Խռմփոցի մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են․

հոգնածության զգացումն անգամ տևական քնից հետո,

գլխացավերը,

հիշողության հետ կապված խնդիրները,

զարկերակային ճնշման բարձրացումը։

Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին և անհրաժեշտության դեպքում սկսել բուժումը՝ հետագայում էլ ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար։

(Visited 104 times, 1 visits today)

sirartsir

Наверх